Վերջերս «Դինո Գոլդ մայնինգ» ընկերությունը դատական հայց է ներկայացրել բնապահպան ակտիվիստ Եղիա Ներսեսյանի դեմ՝ մեղադրելով նրան զրպարտության մեջ այն բանի համար,որ նա 2012 թվականի դեկտեմբերին ԱՄՆ-ում հայ համայնքի հետ հանդիպումների ժամանակ՝ իր ելույթներից մեկում, բարձրաձայնել է իրեն հասած տեղեկություններ՝ հանքագործների նկատմամբ տեղի ունեցած ոտնձգությունների մասին, մասնավորապես՝ որ ընկերությունն աշխատակիցների նկատմամբ էլեկտրաշոկ է կիրառվել:
Այս մասին տեղեկությունը մամուլում հայտնվել է Եղիա Ներսեսյանի ելույթից ավելի վաղ` դեռ 2011-ին: Այդ մասին գրել են «Սյունաց աշխարհ», «1in.am և այլ լրատվամիջոցներ: Բնապահպան ակտիվիստներից Մարիամ Սուխուդյանն այս մասին նշել է իր հարցազրույցում, սակայն ընկերությունը նրանից առ այսօր ոչ մի հերքում չի պահանջել:
Ընկերությունը ժխտում է այս մասին լուրերը և պահանջում է չարատավորել իր բարի համբավը, սակայն ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ թերահավատ են ընկերության ասածների հանդեպ, քանի որ արդեն տեսել են ընկերության կողմից հռչակված արժեքների, ասված խոսքի և գործնականում կատարվող քայլերի միջև լուրջ հակասություններ: Իսկ ընկերության բարի համբավը արատավորվում է հենց ընկերության կողմից թույլ տված բացթողումները, օրինախախտումները, բնապահպանական նորմերի խախտումները:
Բնապահպան ակտիվիստի նկատմամբ դատական հայց ներկայացնելը մենք որակում ենք որպես փորձ՝ լռեցնելու աշխատողների իրավունքների և բնության պահպանության համար պայքարող բնապահպանների ձայնը: Պահանջում ենք, որպեսզի «Դանդի Փրեշըզ մեթալզ» ընկերությանը պատկանող «Դինո Գոլդ Մայինինգ» ընկերությունը հավատարիմ մնա իր կողմից հռչակված արժեքներին, հետևի շրջակա միջավայրին չվնասելու` իր կողմից ընդունված պարտավորությանը, հարգի աշխատակիցների իրավունքները և ապահովի աշխատանքային այնպիսի պայմաններ, որտեղ չեն վտանգվի մարդկանց կյանքն ու առողջությունը:
Համահայկական Բնապահպանական Ճակատ (ՀԲՃ)
Աղբյուրը` Իրավաբան.net