Առանց պետական գրանցման կամ հաշվառման (բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի) կամ առանց հատուկ թույլտվության (լիցենզիայի) լիցենզավորման ենթակա կամ օրենքով արգելված ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելը, որը զուգորդվել է անձանց կամ կազմակերպություններին կամ պետությանը զգալի վնաս պատճառելով` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` մեկ տարի ժամկետով:
Նույն արարքը, որը զուգորդվել է անձանց կամ կազմակերպություններին կամ պետությանը խոշոր վնաս պատճառելով`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երկուհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` մեկից երկու տարի ժամկետով:
Նույն արարքը, որը՝
1) զուգորդվել է անձանց կամ կազմակերպություններին կամ պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելով,
2) կատարվել է կազմակերպված խմբի կողմից՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ մեկից երեք տարի ժամկետով:
Սույն հոդվածում զգալի չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով գումարը, խոշոր չափ` հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչև երկուհազարապատիկի չափով գումարը, իսկ առանձնապես խոշոր չափ` հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը գերազանցող գումարը:
Պետությանը պատճառված վնասի հաշվարկում ներառվում է նաև պետական գրանցման, ինչպես նաև հատուկ թույլտվության (լիցենզիայի) համար գանձման ենթակա պետական տուրքի գումարի չափը:
Աղբյուրը` Իրավաբան.net