Հիմնարկների (նախադպրոցական կրթական, հանրակրթական, բժշկական կամ նմանատիպ այլ կազմակերպությունների) պաշտոնատար անձինք, որոնք տեղեկություններ ունեն առանց ծնողական խնամքի մնացած երեխաների մասին, պարտավոր են այդ մասին հաղորդել խնամակալության և հոգաբարձության մարմիններին՝ ըստ երեխաների փաստացի գտնվելու վայրի։
Խնամակալության և հոգաբարձության մարմինը նման տեղեկություն ստանալու պահից երեք օրվա ընթացքում պարտավոր է անցկացնել երեխայի կյանքի պայմանների հետազոտություն և նրա ծնողների կամ ազգականների կողմից խնամքի փաստի բացակայություն բացահայտելիս ապահովել երեխայի իրավունքների և շահերի պաշտպանությունը մինչև նրա տեղավորման հարցի լուծումը։
Դաստիարակչական, բժշկական, ազգաբնակչության սոցիալական պաշտպանության և նմանատիպ այլ կազմակերպությունների (որտեղ գտնվում են առանց ծնողական խնամքի մնացած երեխաները) ղեկավարները պարտավոր են, սկսած այն օրից, երբ նրանց հայտնի է դարձել, որ երեխան կարող է ընտանիքում դաստիարակության հանձնվել, յոթնօրյա ժամկետում այդ մասին հաղորդել խնամակալության և հոգաբարձության մարմին՝ ըստ տվյալ կազմակերպության գտնվելու վայրի։
Խնամակալության և հոգաբարձության մարմինը, բացառությամբ Երևանի քաղաքապետի, նշված տեղեկություններն ստանալուց հետո` 3 oրվա ընթացքում, այդ տեղեկություններն ուղարկում է մարզպետարան, ինչպես նաև ապահովում է երեխայի տեղավորումը:
Մարզպետարանը երեխաների մասին նման տեղեկություններ ստանալու պահից երեք oրվա ընթացքում իրականացնում է երեխաների հաշվառումը և հայտնում այդ մասին Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնին, ինչպես նաև ապահովում է այդ երեխաների իրավունքների և շահերի պաշտպանությունը:
Երևանի քաղաքապետը տեղեկություններն ստանալուց հետո` 3 oրվա ընթացքում, իրականացնում է երեխաների հաշվառումը և հայտնում այդ մասին Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնին, ինչպես նաև ապահովում է այդ երեխաների տեղավորումը, իրավունքների և շահերի պաշտպանությունը:
Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը իրականացնում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների կենտրոնացված հաշվառումը, աջակցում է այդ երեխաների հետագա տեղավորմանը ընտանիքներում:
Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների կենտրոնացված հաշվառումն իրականացնելու կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Աղբյուրը` Իրավաբան.net