Պետությունը մտադիր է վերանայել հարկային արտոնության դաշտը, շրջանառության հարկման շեմը

Պետությունը մտադիր է վերանայել հարկային արտոնության դաշտը, շրջանառության հարկման շեմը, դրույքաչափերը՝ հարկային քաղաքականության ճեղքը նվազեցնելու նպատակով: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:

Նրա խոսքով՝ ճեղքի մեծությունը պետք է բաժանել երկու մասի:

«Մի մասը բաղկացած է հարկային արտոնություններից, մյուս մասը՝ հարկային պլանավորման հնարավորություններից: Երկրորդ մասը մենք պլանավորում ենք հաղթահարել հնարավոր կարճ ժամկետում: Այսինքն, եթե քննարկումների համատեքստում մենք համոզմունք ձևավորենք, որ ընտրված է ամենաճիշտ ճանապարհը, թերևս նախատեսվող փոփոխությունները կարող են ուժի մեջ մտնել 2022 թվականի հունվարի 1-ից: Իսկ ինչ վերաբերում է որոշ անարդյունավետ արտոնությունների վերացմանը, սա մեր երկրորդ ուղղությունը պետք է լինի»,-ասաց Պողոսյանն ու հավելեց՝ ըստ ժամանակացույցի նախատեսվում է այս գործընթացը նորից սկսել 2022 թվականի հունվարի 1-ից: Փոխնախարարը նշեց, որ հաճախ հարկային արտոնությունների տրամադրումից հետո վերլուծական աշխատանքներ չեն կատարվել՝ պարզելու, թե որքանո՞վ են այդ հարկային արտոնությունները հասցեական և ըստ այդմ՝ արդյունավետ, իրենց նպատակին ծառայող: «Այս իմաստով, ամենաքիչը ՀՆԱ-ի շուրջ 7 տոկոսի մասին է խոսքը: Ինչը մեր համեստ հնարավորությունների պայմաններում բավականին տպավորիչ թիվ է»,-ասաց Պողոսյանը:

Փոխնախարարը շեշտեց, որ իրենց քաղաքականությունը պետք է լինի այդպիսին, բոլոր այն հարկային արտոնությունները, որոնք տարբեր ժամանակներում տարբեր հիմնավորումներով կամ երբեմն ոչ այնքան պատշաճ հիմնավորումներով տրվել են, գնահատեն և վերաիմաստավորեն դրանց նշանակությունը: «Արդյոք դրանք ծառայո՞ւմ են իրենց նպատակին, թե իրենց հիմնական խնդիրը չլուծելով հանդերձ՝ պետությունից ռեսուրս են տանում»,-հավելեց Պողոսյանը:

Նա պարզաբանեց՝ եթե արտոնությունը տրվել է շահառուների որոշակի խմբի համար, ըստ այդմ նախատեսվել է, որ այն կլինի թիրախային, արդյունավետ, և եթե ինչ-ինչ պատճառներով այդ արտոնությունից սկսել են օգտվել նաև այն խմբերը, որոնց համար դա ի սկզբանե նախատեսված չի եղել, և այդ խմբերն ամենակարիքավորը չեն՝ այդ արտոնությունից օգտվելու համար, այստեղ քաղաքականությունը կամ այդ արտոնության տրամադրման իմաստը խեղաթյուրվում է: «Խոսքն առաջին հերթին այս տեսակի արտոնությունների մասին է: Երկրորդը՝ հարկային համակարգի ձևախեղումների հանգեցրած կարգավորումների մասին է: Մասնավորապես, ունենք հարկման տարբեր համակարգեր՝ միկրոձեռնարկատիրության արտոնյալ հարկման համակարգ, շրջանառության հարկի համակարգ, ավելացված արժեքի հարկի համակարգ: Եվ, եթե գործունեության միևնույն տեսակը ԱԱՀ-ի համակարգում իրականացնելու պայմաններում վճարվում է պայմանական 25 տոկոս իրացման շրջանառության նկատմամբ հարկերի համախումբ, բայց նույն գործունեության տեսակը շրջանառության հարկի համակարգում իրականացնելու պարագայում վճարվում է օրինակ 5 տոկոս հարկ, սա բերում է աղավաղումների, շարժառիթների, որ խոշոր տնտեսավարողները բաժանվեն մասերի, տեղավորվեն իրենց համար չնախատեսված արտոնյալ հարկային միջավայրում: Խնդիրները փոխկապակցված են»,-ասաց Պողոսյանը:

Դեռ վերջնական որոշումներ չկան, որոշակի հարցեր առանձնացվել են քննարկումների, վերլուծությունների համար: «Ուղղություններից մեկը շրջանառության հարկի շեմի նվազում է ենթադրում, մյուսը՝ շրջանառության հարկի դրույքաչափերի բարձրացում՝ այն տրամաբանությամբ, որ դրանք առնվազն հավասար լինեն՝ նույն գործունեությունը հարկման ընդհանուր համակարգում իրականացնելիս վճարվելիք հարկերի հանրագումարին»,-ասաց Պողոսյանը:

Ընդ որում, ֆինանսների նախարարությունը հեռանկարում շրջանառության հարկի համակարգը ցանկանում է տեսնել որպես այլընտրանք՝ հարկման ընդհանուր համակարգին, այլ ոչ թե արտոնյալ համակարգ:

Միկրոձեռնարկատիրության հարկման համակարգը հիմնականում կպահպանվի նույն տեսքով: Միկրոձեռնարկատիրության հարկման համակարգն ի սկզբանե նախագծվել է այն տրամաբանությամբ, որ այն պետք է սպասարկի բնակչությանը և ոչ բիզնեսին: Սակայն, Պողոսյանն ասաց. «Մոնիտորինգի արդյունքներով միտումներ են նկատվել, որ միկրոձեռնարկատիրության սուբյեկտները շատ հաճախ ավելի խոշոր հարկ վճարողների հետ փոխկապակցված հարկ վճարողներ են լինում և նրանց հետ գործարքների մեջ են մտնում՝ հաճախ ոչ իրականում կատարված: Սրանք շատ վատ ու անհանգստացնող երևույթներ են»,-ասաց Պողոսյանը:

2020 թվականը սկսվել է 34 հազար միկրոձեռնարկատիրության սուբյեկտների թվաքանակով և ավարտվել՝ շուրջ 46 հազարով: Դրանք ակտիվ հարկ վճարողների կեսից ավելին են:

Պողոսյանը նաև շեշտեց, որ հարկային քաղաքականության պատասխանատուները միշտ հայտարարել են, որ երբ ներդրվում է հարկման արտոնյալ համակարգ, այն ժամանակավոր պետք է լինի այդպիսին, հեռանկարում այն պետք է լինի այլընտրանքային և ոչ թե արտոնյալ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2020-ի դեկտեմբերի 30-ին ստորագրել է հարկային քաղաքականության ճեղքի կրճատմանն ուղղված միջոցառումները հաստատելու մասին որոշում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել