Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրում հունվարի 14-ին հրապարակվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի ընդդեմ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի գործով վճիռը։ Այս մասին Իրավաբան․net-ը տեղեկանում է«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Հիշեցնենք, որ պատճառը 2019-ի հուլիսի 30-ին լրատվամիջոցներից մեկին նրա տված հարցազրույցն է եղել, որում նա արտահայտել է մտքեր, որոնք հայցվոր կողմի պնդմամբ՝ արատավորում են Յուրի Խաչատուրովի պատիվը և արժանապատվությունը:
Ստեփան Գրիգորյանը մասնավորապես նշել է, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ Յուրի Խաչատուրովը և այլ գեներալներ հողեր են վաճառել Ադրբեջանին, դրա դիմաց գումարներ են ստացել, չեն կատարել իրենց մասնագիտական և աշխատանքային պարտականությունը և երբ հայ զինվորները սկսել են այդ հողերը ազատագրել, նշված անձիք խոչընդոտել են և թույլ չեն տվել, որպեսզի այդ պրոցեսը տեղի ունենա:
Դատարանը, դատավոր Տաթևիկ Ստեփանյանի նախագահությամբ, որոշել է Յուրի Խաչատուրովի հայցն ընդդեմ Ստեփան Գրիգորյանի բավարարել մասնակի:
Ստեփան Գրիգորյանը պարտավորվել է դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում «Ա1+» հեռուստաընկերության տաղավարում հրապարակայնորեն հերքել 2018թ. հուլիսի 30-ին «Ա1+» հեռուստաընկերության կայքում, վերջինիս պատկանող յութուբյան ալիքով հրապարակված հարցազրույցում զրպարտություն համարվող և հայցվորին վերաբերող հետևյալ փաստացի տվյալները՝ տարածքները փողի դիմաց հանձնելու, հակառակորդին դիմադրել թույլ չտալու և պատերազմի ժամանակ տեղում չլինելու, իր պաշտոնական պարտականությունները չկատարելու մասին՝ հերքման տեսանյութը տեղադրելով նաև Ստեփան Գրիգորյանի ֆեյսբուքյան կայքում, այնպես, որ հերքման տեսանյութը տեղակայման, հաղորդման ժամի առումով չզիջի 2018թ. հուլիսի 30-ին «Ա1+» հեռուստաընկերության կայքում հրապարակված հարցազրույցի տեսանյութին։
Յուրի Խաչատուրովի ներկայացուցիչը առաջարկում էր նաև որպես փոխհատուցում վերջինիս վճարել 2 000 000 դրամ։ Դատարանը, այս մասով, հայցը մերժել է։
Ստեփան Գրիգորյանից հօգուտ Յուրի Խաչատուրովի կբռնագանձվի 4000 դրամ, որպես նախապես վճարված պետական տուրքի գումար և 300000 դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:
Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան հրապարակման օրվանից մեկամսյա ժամկետում: