Կառավարությունը առաջարկում է վավերացնել 2019 թ. դեկտեմբերի 19-ին ստորագրված «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ծխախոտային արտադրանքի ակցիզների մասով հարկային քաղաքականության իրականացման սկզբունքների մասին» համաձայնագիրը։ Խորհրդարանում նախագիծը ներկայացրեց Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը։
Համաձայնագիրը ստորագրվել է 2019 թվականի դեկտեմբերի 19-ին, Սանկտ Պետերբուրգում: Դրանով ճանաչվում է ծխախոտային արտադրանքի հարկման մակարդակը ինքնուրույն որոշելու և իր տարածքում այդ արտադրանքի նկատմամբ հարկային քաղաքականություն վարելու ԵԱՏՄ անդամ յուրաքանչյուր պետության անխախտելի իրավունքը:
Փոխնախարարը նշում է, որ առաջիկա 4 տարիների ընթացքում ակցիզային հարկի ներդաշնակեցում պետք է տեղի ունենա անդամ պետությունների հետ։
«Համաձայնագիրը ենթադրում է ծխախոտային արտադրանքի համար ուղենիշային կամ կողմնորոշիչ դրույքաչափի սահմանում, որը 2024 թվականի ավարտի համար առաջարկվում է 35 եվրոյին համարժեք ազգային արժույթի չափով (1000 գլանակի համար), միաժամանակ հաշվի առնելով այն, որ ԵԱՏՄ անդամ պետությունները իրենց տնտեսական զարգացվածության, մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի և այլ մակրոտնտեսական հիմնական ցուցանիշներով տարբերվում են մեկը մյուսից, որոշվել է պետություններին հնարավորություն ընձեռել դեպի ներքև և անհրաժեշտության դեպքում դեպի վերև շեղվել ուղենիշային չափից։ Շեղումների առավելագույն մեծությունը 20 տոկոսն է։ Այս պահին ակցիզային հարկի դրույքաչափը 1000 գլանակի համար ՀՀ-ում կազմում է 11 հազար 70 դրամ և նախատեսված է, որ մինչև 2023 թվականի ավարտը նախատեսվում է տարեկան 15 տոկոսով դրույքաչափերի բարձրացում»,-նշեց փոխնախարարը։