Մեսրոպ Առաքելյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հետ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրամիության  դեսպան Անդրեա Վիկտորինի հետ, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։

«Նախարարը բարձր է գնահատել Եվրամիության հետ համագործակցությունը՝ ընդգծելով կողմերի միջև բարիդրացիական հարաբերությունների դերը սոցիալապես ամուր տնտեսություն ունենալու համատեքստում։

«Պատերազմի ավարտից հետո բազմաթիվ սոցիալական ծրագրեր են իրականացվել և՛ ուղիղ ֆինանսավորման, և՛ պարենային աջակցության միջոցով, որում ընդգրկված են նաև միջազգային մի շարք կազմակերպություններ։ Այս գործում բարձր ենք գնահատում նաև ձեր աջակցությունը, որի շնորհիվ որոշ չափով մեղմվել է քաղաքացիների սոցիալական խնդիրները»,- նշել է Մեսրոպ Առաքելյանը։

ԵՄ դեսպանը հետաքրքրվել է արցախահայությանն ուղղված աջակցության ծրագրերի մանրամասներով՝ հույս հայտնելով, որ Արցախում հումանիտար ճգնաժամն արագ կհաղթահարվի․ «2020 թվականը դժվար տարի էր Հայաստանի համար՝ կորոնավիրուսային համավարակը, պատերազմը, հետպատերազմյան իրավիճակը։ Մենք պատրաստակամ ենք կանգնել Հայաստանի կողքին՝ հատկապես նրանց, ովքեր տուժել են պատերազմի արդյունքում»։

Քննարկելով այս պահին իրականացվող ծրագրերն ու դրանց ընթացքը՝ նախարար Առաքելյանը որպես առաջնահերթություն ընդգծել է նաև Հայաստանում գտնվող արցախցիների վերադարձի կազմակերպումը, նրանց համար սոցիալական երաշխիքների ապահովմանն ուղղված աշխատանքների իրականացումը։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև կարճաժամկետ և երկարաժամկետ համագործակցության հեռանկարներին՝ շեշտելով դրանց հաջողմանն ուղղված համատեղ ջանքերի անհրաժեշտությունը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել