Կառավարությունը խորհրդարանի քննարկմանն է ներկայացել Հակակոռուպցիոն կոմիտե ստեղծելու նախագիծ

Կառավարությունը Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել օրենքի նախագիծ, որով առաջարկվում է ստեղծել նոր՝ Հակակոռուպցիոն մարմին:

Հակակոռուպցիոն կոմիտեի մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը․ «Նախագծերի փաթեթով առաջարկվում է ստեղծել նոր քննչական մարմին՝ Հակակոռուպցիոն կոմիտե, որի հիմնական իրավասությունը լինելու է ՀՀ-ի Քրեական դատավարության օրենսգրքով իր ենթակայությանը վերապահված ենթադրյալ կոռուպցիոն հանցագործությունների միջդատական քրեական վարույթի կազմակերպումն ու իրականացումը: Միաժամանակ քրեական վարույթ նախաձեռնելու հարցի լուծման նպատակով Հակակոռուպցիոն կոմիտեն օպերատիվ հետախուզական գործունեության մասին օրենքով սահմանված կարգով իրականացնելու է օպերատիվ հետախուզական գործունեություն»,-ասաց Բադասյանը:

Կոմիտեի մասնագիտական կազմը համալրվելու է համապատասխան մասնագիտական պատրաստում անցած կադրերի ներգրավման եղանակով: Ընդ որում` Կոռուպցիոն հանցագործությունների քննությամբ զբաղվող քննիչների հաստիքների և գործիքակազմի փոխանցումը չի կրելու մեխանիկական բնույթ: Հակակոռուպցիոն կոմիտեի կազմում նշանակումները, այդ թվում ղեկավար կազմի, կատարվելու են բաց մրցույթի արդյունքում:

Նախարարի խոսքով՝ կոմիտեի ծառայողների համար, ի տարբերություն այլ քննչական մարմինների ծառայողների, սահմանված են առավել խիստ պահանջեր և սահմանափակումներ, ըստ այդմ նախատեսված են գործունեության լրացուցիչ երաշխիքներ: « Սա պայմանավորված է մի քանի հանգամանքով. նախ կոմիտեն իրականացնում է կոռուպցիոն հանցագործությունների քննություն, որն ինքնըստինքյան ունի բարձր ռիսկայնություն, երկրորդ՝ կոմիտեի ծառայողների վարձատրությունը ուղղակիորեն հանդիսանում է վերջինիս անկախության և անկաշկանդ գործելու երաշխիքներից մեկը»,-ասաց Բադասյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել