Ադրբեջանցի զինվորները Գորիս-Կապան ճանապարհին վարորդներին վիզը կտրելու ազդանշաններ են ցույց տալիս․ Իվետա Տոնոյան

Հետպատերազմյան հայաստանյան խորհրդարանում տրամաբանական հարց է առաջանում՝ գերհագեցած օրակարգի հարցերից ո՞րն է, որ արտացոլում է այն խնդիրները, որ այսօր ծառացած են հասարակության ու պետության առջև։

Այս մասին այսօր՝ հունվարի 18-ին, Ազգային ժողովի 7-րդ գումարման 6-րդ նստաշրջանի առաջին նիստի ժամանակ իր ելույթում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։ Նա նշեց, որ շուրջ 5 տասնյակ հարցերից որևէ մեկը չի վերաբերում Արցախից Հայաստանում ապաստանած քաղաքացիների, ռազմագերիների, անհետ կորածների, Սյունիքի անվտանգության մասին։

«Փոխարենը կա հարց ավտոկայանատեղիներին վերաբերող, հոգեկան առողջության խնդիրներին վերաբերող, նույն տրամաբանաությամբ տիեզերագնացության զարգացման կամ ռնգեղջյուրների պոպուլյացիային վերաբերող օրենսդրական նախաձեռնություն թող բերեր կառավարությունը խորհրդարան։ Դուք հասկանու՞մ եք, որ այս կառավարությունը՝ իր ղեկավարի գլխավորությամբ, այլևս սպառել է իրեն տրված լեգիտիմությունը։ Այլևս չունի որևէ օրակարագ, որով կարող է գալ խորհրդարան և ներկայացնել հասարակությունն ու նրա շահերը»,-ասաց Տոնոյանը։

Պատգամավորը հորդորեց իր գործընկերներին այցելել Սյունիքի մարզ ու տեսնել, թե ինչ վտանգի տակ են ապրում սյունեցիները։

«Ադրբեջանցի զինվորները Գորիս-Կապան ճանապարհին ավտոմեքենաների վարորդներին վիզը կտրելու մասին ազդանշաններ են ցույց տալիս, Որոտանիո ու Շուռնուխի բնակիչները ամեն օր կանգնած են ադրբեջանցիների նշանառության տակ։ Գնացեք Սյունիքի մարզ ու կտեսնեք, թե որն է իսկական իրականությունը, այլ ոչ թե կառավարության ստեղծած ֆեյսբուքյան ֆեյք իրականությունը»,-նշեց Իվետա Տոնոյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել