Թռչնագրիպի պատճառով 2020-ի նոյեմբերի սկզբից Ճապոնիայում ոչնչացվել է ռեկորդային 5,8 միլիոն հավ։ Անցյալ տարի երկրում հայտնաբերվել են բարձր պաթոգենության թռչնագրիպի առաջին բռնկումներ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով NHK հեռուստաալիքին:
Վերջին անգամ ոչնչացված թռչունների նման քանակ գրանցվել էր 2005-2006 թվականների ձմռանը, երբ թռչնագրիպի պատճառով մասնագետները ստիպված էին ոչնչացնել 5,7 միլիոն հավ: Այժմ Ճապոնիայի 47 պրեֆեկտուրաներից 15-ում` Կագավա, Ֆուկուոկա, Հյոգո, Միյազակի, Հիրոսիմա, Նառա, Օիտա, Վակայամա, Օկայամա, Շիգա, Կոչի, Տոկուսիմա, Չիբա, Գիֆու և Կագոսիմա, հայտնաբերվել է խիստ ախտածին թռչնագրիպի վիրուս:
Թռչնաֆաբրիկաների մոտ, որտեղ հայտնաբերվել են վարակի օջախներ, կարանտին կա երեք կիլոմետրանոց գոտում, ինչպես նաև արգելվում է հավերի և ձվերի արտահանումը 10 կիլոմետրանոց գոտուց դուրս: Փորձագետները չեն բացառում, որ այս սեզոնի վերջում մորթված թռչունների իրական թիվը կարող է գերազանցել 6 միլիոնը: