Նշված ժամկետի դեպքում մի շարք խախտումների համար կկարողանաք վճարել տուգանքի 50 տոկոսը․ նախագիծ

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի ընդունումը հնարավորություն կտա մեղմացնելու 2020 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության, ռազմական դրության և սահմանված կարանտինային ռեժիմի բացասական հետևանքները։

Իրավաբան.net-ը հայտնում է, որ նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում կատարված վարչական իրավախախտումների և Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության իրավական ռեժիմի և կարանտին հայտարարելու որոշմամբ կիրառվող սահմանափակումների խախտման հիմքով նշանակված տուգանքների կատարման ցուցանիշների վերլուծությունը ցույց է տալիս, որ այդ տուգանքների ճնշող մեծամասնությունը պարտապանների կողմից կամավոր կերպով չի կատարվում։ Այս իրավիճակը հանգեցնում է այս խումբ վարչական ակտերի առնչությամբ Ոստիկանության և Վարչական դատարանի ծանրաբեռնվածության բարձրացմանը։

Մյուս կողմից, վերոգրյալ վարչական ակտերը կամովին չկատարելու արդյունքում հանրային իրավական դրամական այդ պահանջները ներկայացվում են հարկադիր կատարման, ինչն էականորեն բարձրանում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ծանրաբեռնվածությունը։

2020 թվականին հայտարարված արտակարգ դրության, սահմանված կարանտինային ռեժիմի և ռազմական դրության հետևանքով բնակչության մի շարք խմբեր հայտնվել են սոցիալապես խոցելի վիճակում։ Ավելին, հանրային իրավական դրամական պահանջի հիման վրա կատարողական վարույթի հարուցմամբ կիրառվող հարկադրանքի միջոցները լրացուցիչ անհարմարություններ և, ի դեմս կատարողական գործողությունների կատարման ծախսի, ֆինանսական նոր ծանրաբեռնվածություն է առաջացնում պարտապանների համար։

 Այսպիսով առաջարկվում է․

  • Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի մի շարք հոդվածներով նախատեսված իրավախախտումների համար նշանակված տուգանքի գումարի առնվազն 50 տոկոսը տուգանք նշանակելու մասին որոշումը ստանալուն հաջորդող օրվանից օրենքով սահմանված ժամկետում կամովին վճարելու դեպքում իրավախախտում կատարած անձանց նկատմամբ նշանակված տուգանքի վճարման պարտավորությունը համարել պատշաճ կատարված.
  • օրենքի գործողությունը նշանակված տուգանքի առնվազն 50 տոկոսը սահմանված ժամկետում վճարելու դեպքում տարածել նաև մինչ օրենքի ընդունումը կայացված վարչական ակտերի վրա։

Նշվում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսված մի շարք իրավախախտումների համար, օրինակ՝

հոդված 123.1 (բացառությամբ 2-րդ մասով նախատեսված իրավախախտումների) – Տրանսպորտային միջոցների վրա լուսային և ձայնային` ներառյալ հատուկ սարքավորումներ տեղադրելու կանոնները խախտելը, բացառությամբ առանց համապատասխան թույլտվության տրանսպորտային միջոցների վրա կարմիր և (կամ) կապույտ լուսային ազդանշանով առկայծող փարոսիկներ կամ հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ տեղադրելը, ինչպես նաև օպերատիվ ծառայությունների տրանսպորտային միջոցների համար նախատեսված գունագծապատկերներն օգտագործելու դեպքերը,

հոդված 123.3 – տրանսպորտային միջոցների անվտանգության գոտիները չամրակապած կամ սաղավարտը չկոճկած վիճակում կամ առանց սաղավարտի տրանսպորտային միջոցները վարելը, ինչպես նաև անվտանգության գոտիները չամրակապած կամ սաղավարտը չկոճկած կամ առանց սաղավարտի ուղևոր փոխադրելը,

հոդված 124 (բացառությամբ 4-րդ, 14-րդ, 18-րդ, 23-25-րդ, 27-րդ մասերով նախատեսված իրավախախտումների) – տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը՝ բացառությամբ․

  • Կարմիր և (կամ) կապույտ լուսային ազդանշանով առկայծող փարոսիկներ միացրած և միաժամանակ հատուկ ձայնային ազդանշաններ արձակող տրանսպորտային միջոցին ճանապարհը չզիջելը,
  • Տրանսպորտային միջոցը միակողմանի երթևեկությամբ ճանապարհով տրանսպորտային միջոցների հոսքին հակառակ ուղղությամբ (այդ թվում` հետընթաց) վարելը,
  •  Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալը, եթե դա կապված չէ վազանցը թույլատրված տեղերում վազանց կատարելու կամ կանգնած տրանսպորտային միջոցը կամ խոչընդոտը շրջանցելու հետ, և եթե առանց հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու անհնար է շրջանցել կանգնած տրանսպորտային միջոցը կամ խոչընդոտը,
  • Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի և (կամ) կայանման կանոնները խախտելը, եթե դրա պատճառով տրանսպորտային միջոցը տարհանվել է պահպանվող հատուկ տարածք կամ «Հաշմանդամներ» ճանապարհային նշանով (ցուցանակով) կահավորված վայրում «Հաշմանդամ» ճանաչման նշանով չկահավորված տրանսպորտային միջոցը կանգնեցնելը,
  • Ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի կետերի տարածքից դուրս կանգառ կատարելը, ինչպես նաև ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետի տարածքում կայանելը,
  • Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից (բացառությամբ ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների վարորդների) ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետի տարածքում կանգառ կատարելը կամ կայանելը կամ երթևեկելի մասի եզրին ոչ զուգահեռ կայանելը (բացառությամբ օրենսդրությամբ թույլատրված դեպքերի),
  • Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից մայթերին կայանելը կամ մայթերով երթևեկելը, բացառությամբ ճանապարհային նշաններով թույլատրված դեպքերի, ինչպես նաև ստորգետնյա կամ վերգետնյա հետիոտնային անցումներով երթևեկելը։

հոդված 124.1 – տրանսպորտային միջոցների վարորդների մասնակցությունը ճանապարհային երթևեկության խոչընդոտներ ստեղծող խմբակային տեղաշարժին,

հոդված 124.2 – տրանսպորտային միջոցի վրա գովազդի տեղադրման կարգը խախտելը,

հոդված 124.3 – տրանսպորտային միջոցների վարորդների կողմից լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին չենթարկվելը,

124.4-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով – տրանսպորտային միջոցների վարորդների կողմից սահմանված արագությունը գերազանցելը

  • երթևեկության սահմանված արագությունը 1-10 կմ/ժ-ով գերազանցելը,
  • երթևեկության սահմանված արագությունը 11-30 կմ/ժ-ով գերազանցելը,

124.6-րդ հոդվածի 1-ին մասով – ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրությունը խախտելը, որի հետևանքով առաջացել է վթարային իրադրություն,

հոդված 125 – երկաթուղային գծանցներում տրանսպորտային միջոցների երթևեկության կանոնները վարորդների կողմից խախտելը,

128-րդ հոդվածի 3-րդ մասով – առանց վարորդական վկայականի կամ այլ փաստաթղթերի տրանսպորտային միջոցներ վարելը,

129.2-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ – Հայաստանի Հանրապետության տարածքում հաշվառված տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (վարձակալի) կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող (ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով իրեն տրամադրված) յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի համար կնքված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր չունենալը,

հոդված 131 – հետիոտների և ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցների կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը,

135.2-րդ հոդվածի 1-ին մասով – մասնավոր տրանսպորտային միջոցի վարորդի կողմից տրանսպորտային միջոցի ընթացքի ժամանակ ծխախոտային արտադրատեսակ կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչներ օգտագործելը

182.3-րդ հոդվածի 1-ին, 1.1-ին, 7-րդ կամ 10-րդ մասերով – 

  • արտակարգ դրության տարածք մուտք գործելու և տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմը խախտելը,
  • արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում ազատ տեղաշարժվելու պայմանները, պահանջները խախտելը,
  • արտակարգ դրության ժամանակ պարետային ժամի սահմանված կարգը խախտելը,
  • արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում որպես սահմանափակում նախատեսված մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելը,

182.4-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 9-րդ, 10-րդ մասերով – 

  • կարանտին սահմանելու մասին որոշմամբ սահմանված համաճարակի (կարանտինային) գոտի մուտքի և ելքի հատուկ ռեժիմը խախտելը,
  • կարանտինի ընթացքում անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի կամ տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակումները խախտելը, ինչպես նաև դրանց զննման իրականացմանը խոչընդոտելը,
  • կարանտինի ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելը,
  • կարանտինի ընթացքում անհատական պաշտպանության միջոցների կիրառման կանոնները խախտելը․

նախատեսված վարչական տույժ նշանակելու մասին որոշումը ՎԻՎ օրենսգրքի 283-րդ հոդվածով սահմանված կարգով վարչական մարմնի կողմից ծանուցվելուն հաջորդող օրվանից 14 օրվա ընթացքում նշանակված տուգանքի առնվազն 50 տոկոսը վճարվելու դեպքում տուգանքի վճարման պարտավորությունը համարվում է պատշաճ կատարված։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել