Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնի համար «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջադրված թեկնածու Գագիկ Ջհանգիրյանն այսօր՝ հունվարի 14-ին, Ազգային ժողովում հանդիպել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ:
Նա ԲԴԽ անդամներին կոչ արեց հավաքվել, իր տարիքային ցենզի հետ կապված հարցը քննարկել իրավաբանական տեսանկյունից։
«Եթե իրենք այսօր հայտարարում են, որ նաև նախորդ նախագահ Գագիկ Հարությունյանի ընտրությունն այդ պաշտոնում հակասահմանադրական է եղել, հակասել է օրենքին՝ Դատական օրենսգրքի դրույթներին, դա նշանակում է, որ այդ ԲԴԽ կողմից դատավորների նշանակման, առաջխաղացման բոլոր այդ միջնորդությունները հակասահմանադրական են։ Ավելին՝ այդ դատարաններն ու այդ դատավորները ոչ պատշաճ դատարաններ ու դատավորներ են և հետևաբար դրանց կողմից այս երկու տարվա ընթացքում արձակված բոլոր միջանկյալ, վերջնական դատական ակտերն ու որոշումներն բեկանելի են և ապօրինի են: Հասկանո՞ւմ եք, թե ինչ վտանգավոր հայտարարություն է արվել: Ես կոչ եմ անում, որ մեկ անգամ ևս այդ խնդրին անդրադառնան որպես անկաշառ, անկախ, արդար, կոմնակի դիտորդ իրավաբաններ և քննարկեն»,- ասաց նա:
Նա նշեց, որ երեկ՝ հունվարի 13-ին, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հեը հանդիպումից հետո լրագրողներն իր նկատմամաբ տեռոր են արել․ «Գիտեք, չէ՞, երեկ դուք տեռոր եք արել իմ դեմ: Մի հատ աղջիկ կար՝ բիզ-բիզ մազերով, քիչ էր մնում ավտոմատը հաներ, ինձ գնդակահարեր, երևի դա ավելի շահավետ կլիներ: Քանի որ ես երեկ այդքան համբերատար, այդքան հանդուրժող դիմացել եմ ձեր՝ 4-րդ իշխանության «տեռորիստական ակտին», նաև երեկոյան Պետրոս Ղազարյանի պրպտումներին եմ պատասխանել մանրակրկիտ, խնդրում եմ, փիլիսոփայորեն վերաբերվեք ու ինձ բաց թողեք գնամ»:
Գագիկ Ջհանգիրյանի խոսքով՝ ԲՀԿ-ին ևս դիմել է հանդիպման համար, սակայն դեռ չեն պատասխանել, երբ պատասպանեն՝ ինքը պատրաստ է:
Պատասխանելով այն հարցին, թե այս իշխանության օրոք է նշանակվելու ԲԴԽ անդամ, նա նշեց. «Այս իշխանության օրոք նաև երեխաներ են ծնվելու, հարսանիքներ են լինելու, մահեր կան, մարդիկ ամուսնալուծվելու են, հիմա ամեն ինչը կապելու եք իշխանությունների հե՞տ»: