Խանութի տնօրենի օգնականը դանակահարել է հաճախորդին. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է խանութի տնօրենի օգնականի կողմից հաճախորդին դանակահարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից:

Քննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի 42-ամյա բնակիչը Երևան քաղաքի Յան-Ռայնիսի փողոցում գտնվող մթերային խանութից ծխախոտ է գնել՝ վճարելով 20.000 ՀՀ դրամ անվանական արժեքով թղթադրամ:

Խանութի տնօրենի օգնականը, որը նաև խանութի սեփականատիրոջ որդին է, այդ պահին սպասարկել է նշված հաճախորդին՝ հայտնելով, որ դրամարկղում բավարար չափով մանրադրամ չկա՝ տարբերությունը վերադարձնելու համար:

Հաճախորդը, կարծելով, թե աշխատակիցը ստում է և իրեն ենթադրյալ ստելու հանգամանքը ցավագին ընդունելով, վիճաբանել է սպասարկող աշխատակցի հետ, ինչը շարունակվել է դրսում՝ մթերային խանութի դիմացի հատվածում, որի ժամանակ հաճախորդը հայհոյել է՝ ձեռքով կտրուկ շարժում կատարելով դեպի աշխատակիցը: Վերջինս, ի պատասխան իր նկատմամբ դրսևորված ագրեսիվ վարքագծի, վիրավորվելով իր հասցեին հնչեցված հայհոյանքներից, նկատելով դեպի իրեն կատարված շարժումը, առողջությանը մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, խանութից նախապես  վերցված կենցաղային նշանակության նպատակներով կիրառվող դանակով հարվածել է հաճախորդի կրծքավանդակի ձախ կեսին՝ նրա առողջությանը դիտավորությամբ պատճառելով կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած թափանցող վերքի ձևով, կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ խանութի տնօրենի օգնականին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել