Ցավոք, այսօր մենք չկարողացանք լուծել ռազմագերիների հարցը․ Փաշինյան

Լեռնային Ղարաբաղում գերեվարված ռազմագերիների փոխանակման աշխատանքները կշարունակվեն, այս հարցը դեռ լուծված չէ, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

«Ցավոք, այսօր մենք չկարողացանք լուծել ռազմագերիների հարցը, սա ամենազգայուն և ցավոտ հարցն է… Մենք պայմանավորվեցինք, որ շարունակելու ենք աշխատել այս ուղղությամբ: Մենք, մասնավորապես, կարծում ենք, որ մեր համատեղ հայտարարության ութերորդ կետը, ամբողջությամբ կատարված չէ: Հուսով եմ, որ մենք կկարողանանք հնարավորինս շուտ կոնկրետ որոշման գալ», – ասել է Փաշինյանը Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո:

Նշենք, որ Կրեմլում ավարտվել  է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:

Ավելի վաղ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հայտնել էր, որ եռակողմ հանդիպման նախապես պլանավորված օրակարգը տնտեսական բնույթ ունի, որը վերաբերվում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, միջազգային բեռնափոխադրումների իրականացմանը՝ այդ թվում Հայաստանից դեպի Ռուսաստանի Դաշնություն, Իրանի Իսլամական Հանրապետություն, ինչպես նաեւ Հայաստանի կենտրոնական հատվածներից Նախիջեւանի երկաթուղով դեպի Սյունիքի մարզ:

«Ադրբեջանական կողմը եւ հայկական որոշ շրջանակներ անընդհատ շրջանառում են այսպես կոչված «Մեղրիի միջանցքի» թեման, սակայն ինչպես բազմիցս նշվել է՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ չկա ոչ Մեղրի, ոչ էլ Հայաստանի տարածքով միջանցք ստեղծելու մասին որեւէ դրույթ:

Հայկական կողմի համար, սակայն, անկյունաքարային եւ սկզբունքային է գերիների վերադարձի, ադրբեջանցիների թիկունքում մնացած մեր զինվորների որոնողափրկարարական աշխատանքների, զոհվածների մարմինների հայտնաբերման, անհետ կորածների ճակատագիրը պարզելու խնդիրը: Առանց այս հարցերի լուծման կամ էական առաջընթացի չափազանց դժվար կլինի տնտեսական օրակարգի արդյունավետ քննարկումը եւ հայկական կողմը այս խնդրի քննարկումը համարում է մոսկովյան հանդիպման առանցքային թեմաներից մեկը:

Ընդգծեմ նաեւ, որ Մոսկվայում Ղարաբաղի հարցի կամ տարածքային որեւէ հարցի լուծմանը վերաբերվող փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում: Եթե հանդիպման ընթացքում օրակարգային հարցերի, այսինքն՝ տնտեսական թեմաների, գերիների փոխանակման, անհետ կորածների հարցի շուրջ հնարավոր լինի հասնել համաձայնությունների, հնարավոր է հանդիպման արդյունքների վերաբերյալ համատեղ հայտարարության ստորագրում»,-նշել է Մանե Գևորգյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել