Սույն նախագծով որևէ տնտեսական գործունեության տեսակի վրա արգելք սահմանված չէ․ առողջապահության նախարարության խոսնակն անդրադարձել է էկոնոմիկայի նախարարի այսօրվա հարցազրույցին

Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը, անդրադառնալով էկոնոմիկայի նախարարի՝ Հանրային հեռուստաընկերությանը տված այսօրվա հարցազրույցին, ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՀՀ էկոնոմիկայի նախարարի հարցազրույցի ընթացքում բարձրաձայնված խնդիրների կապակցությամբ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք առողջապահության նախարարությունը կառավարություն է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 1514 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվում է կարանտինը երկարաձգել 6 ամսով:

Նախևառաջ, կցանկանայի շեշտել, որ կարանտինի երկարաձգումը հնարավորություն է տալիս պահպանել առկա կարգավորումները` շարունակելով այնպիսի միջոցառումների իրականցումը, ինչպիսիք են դիմակների կրումը, սահմանների անցման դեպքում ՊՇՌ հետազոտության պահանջը, տարբեր կազմակերպությունների, այդ թվում ուսումնական, ծառայությունների մատուցման , փակ հաստատությունների (օրինակ հոգեբուժական հաստատությունների) գործունեության իրականացումը սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահպանման դեպքում, և նմանատիպ այլ կարգավորումներ:

Հետևաբար, կարանտինը չերկարացնելու դեպքում, նշված կարգավորումները չեն գործելու և հնարավոր չի լինելու իրականացնել կանխարգելիչ նման միջոցառումներ:

Սույն նախագծով ՈՐԵՎԷ տնտեսական գործունեության տեսակի վրա արգելք սահմանված չէ, այլ սահմանված են պահանջներ, որոնք հնարավորություն են տալիս նվազեցնել կորոնավիրուսային հիվանդության վարակման ռիսկը այդ կազմակերպություններում:

Ներկայումս, երբ աշխարհում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված, երբ առկա են նաև տվյալներ վիրուսի նոր տարբերակների ի հայտ գալու մասին, երբ մի շարք երկրներ սահմանում են առավել խիստ կարանտին, օրինակ լոքդաուն` հաշվի առնելով իրենց երկրներում դեպքերի և մահերի կտրուկ աճը, երբ պատվաստումների մասայական իրականցումը դեռևս հնարավոր չէ, միանշանակ է, որ որևէ միջոցառում չանելն ու դրանով վարակի տարածմանը նպաստելն անթույլատրելի է:

Հիշեցնենք, որ մինչ այսօր Հայաստանում գրանցվել է ավելի քան 161 հազար դեպք 2901՝ մահվան ելքով: Ըստ որոշ միջազգային գնահատականների Հայաստանում մինչև ապրիլի 1-ը կանխատեսվում է մահերի աճ՝ մինչև 3930:

Նախարար Վահան Քերոբյանը նաև նշել է, որ տնտեսությանը հիմա ամենաշատը հարկավոր է թթվածին: Անցած ամիսների ընթացքում կորոնավիրուսային հիվանդությամբ բուժվող անձանց էր ամենաշատը անհրաժեշտ թթվածին, ինչը առողջապահության նախարարության ջանքերով ապահովվել է:

Մենք լիահույս ենք, որ էկոնոմիկայի նախարարությունը ևս ջանքեր չի խնայի տնտեսությանը թթվածնով ապահովելու` առանց հիվանդների թիվը ավելացնելու, ինչպես նաև նրանց բուժման համար անհրաժեշտ թթվածնի մատակարարումը խաթարելու։

Ներկայացված առաջարկը դեռևս նախագիծ է և չի հաստատվել կառավարության կողմից, հետևաբար առողջապահության նախարարությունը միշտ էլ պատրաստակամ է քննարկելու ցանկացած առաջարկ, եթե դա հիմնավոր է, ողջամիտ և հիմնված է առկա լավագույն ապացուցողական քաղաքականությունների վրա»:

Հիշեցնենք, որ այսօր էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Հանրային հեռուստաընկերությանը հարցազրույց է տվել, որում ասել է, որ էկոնոմիկայի նախարարությունը դեմ է կարանտինը 6 ամսով երկարացնելուն․

«Իրականում առողջապահության նախարարության խոսնակը մի քիչ շտապել է, որովհետև այդ որոշումը չի քննարկվել էկոնոմիկայի նախարարության հետ։ Դա որոշում չէ, դեռ առաջարկ է, մենք կքննարկենք և միայն շատ ծանրակշիռ փաստարկների դեպքում կկարողանանք որոշակիորեն այդ առաջարկի որոշ կետերի հետ համաձայնել։ Բայց այն, որ տնտեսությանը հիմա ամենաշատն է անհրաժեշտ թթվածին, դա միանշանակ է, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ տնտեսությունը հնարավորինս բաց աշխատի»,- նշել է նախարարը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել