Տարածաշրջանը՝ նոր սադրանքի սպասելիս. Արմեն Պետրոսյան

Արաբագետ Արմեն Պետրոսյանը ֆեյբուքյան իր էջում գրում է.

«Տարածաշրջանը՝ նոր սադրանքի սպասելիս
ԱՄՆ-ի կողմից Իրանի ԻՀՊԿ «Ղոդս» հատուկ ստորաբաժանման հռչակավոր զորահրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից 1 տարի անց և Սպիտակ տանը նոր վարչակազմի հաստատմանն ընդառաջ՝ Վաշինգտոնը և Մերձավոր Արևելքի մի շարք դերակատարներ կանխատեսում են հստակ թիրախավորված սադրանքների միջոցով տարածաշրջանի ռազմական իրավիճակի կտրուկ սրացում։

Ըստ այդմ՝

1.ԱՄՆ-ում կարծում են որ Իրանը կամ նրա հովանավորյալ խմբավորումները կարող են փորձել 1 տարի անց վրեժ լուծել նահատակ Սոլեյմանիի և իրաքյան «Հաշդ ալ-Շաաբի» ժողովրդական աշխարհազորի հրամանատար Աբու Մահդի ալ-Մուհանդիսի «դավադիր սպանության» համար։

2.Իսրայելում ևս չեն բացառում, որ վերոնշյալ զորահրամանատարների սպանության վրեժի համար իրանական հովանավորյալ կառույցների կողմից կարող է թիրախավորվել նաև հրեական պետության տարածքը։

3.Իրանում գտնում են, որ ԱՄՆ-ում իշխող «իսրայելամետ» վարչակազմի փոփոխությանն ընդառաջ Վաշինգտոնը կամ նրա տարածաշրջանային դաշնակիցները(հատկապես Իսրայելը) կարող են թիրախային հարվածներ իրականացնել իրանական առանցքային միջուկային օբյեկտների դեմ՝ տապալելով միջուկային զենք ստեղծելու ծրագրերը։ Չեն բացառում նաև նույն դերակատարների կողմից տարաբնույթ սադրանքների միջոցով Իրանին ռազմական առճակատման մեջ ներքաշելու հնարավորությունը։

Միևնույն ժամանակ, վերոնշյալ տրամաբանական շղթային զուգահեռ՝ առկա են նաև հակապնդումներ, որ ներկայում, չնայած որոշ դերակատարների շահերից է բխում Իրանին ռազմական արկածախնդրության մեջ ներքաշելը, բայց և այնպես, հեռանկարային առումով նման քայլը կարող է բավականաչափ բացասական հետևանքներ ունենալ հատկապես ԱՄՆ-ի նոր վարչակազմի հետ անչափ կարևոր հարաբերությունների համատեքստում։

Հետևաբար, չափազանց կարևոր է ակնդետ կերպով հետևել՝ վերոնշյալ տրամաբանական շղթայի որևէ օղակի բովանդակային իրացման կամ ընդամենը մանևրների միջոցով տարածաշրջանը լարվածության մեջ պահելու շարունակական փորձերին, որոնք իրացման ցանկացած սցենարի դեպքում պարզապես չեն կարող շրջանցել որևէ երկիր, այդ թվում՝ Հայաստանը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել