Հայաստանում ԵՄ խորհրդատվական խումբը, ՀՀ արդարադատության նախարարության հետ համագործակցությամբ, 2013թ-ի ապրիլի 23-ին կազմակերպում է աշխատանքային հանդիպում՝ քննարկելու «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագիր» նախագծի բնապահպանական իրավունքների գլուխը: Հանդիպումը կկայանա ՀՀ արդարադատության նախարարության շենքում (Երևան, Հալաբյան փող. 41ա, 14-րդ հարկ): Արդարադատության նախարարության փոխանցմամբ` միջոցառմանը կմասնակցեն բնապահպանական հարցերով զբաղվող ՀՀ պետական հաստատությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության, ուսումնական հաստատությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
«Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության» հիմնական նպատակն է ստեղծել և ամրապնդել մարդու իրավունքների պաշտպանության և խթանման այնպիսի համակարգեր, որոնք համահունչ կլինեն միջազգային նորմերին և սկզբունքներին: Ռազմավարության գործողությունների ծրագրի նախագծով նախատեսվում է մարդու բնապահպանական իրավունքների առանձին գլուխ` ուղղված շրջակա միջավայրի պաշտպանության խթանմանը: Գործողությունների ծրագրի համաձայն` անհրաժեշտ է լինելու կատարել բնապահպանական սեկտորի մարդու իրավունքներին առնչվող օրենսդրության փոփոխություններ:
Աղբյուրը` Իրավաբան.net