ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Որքան ուժ եւ ամրություն է պետք, որ մեզ բաժին հասած ճակատագրին դիմակայենք։
Եռաբլուրում էինք որդուս հետ կրկին, քանզի ամեն բանի սկիզբն ու ավարտն այնտեղ է։ Ծածանվող եռագույնի, օդում սառած կիսաձայն աղոթքի ու ծխացող խնկի միախառնումը կանգնեցնում է արյունը երակներումդ։
Ոգեղեն ուժ կա այնտեղ, որը եւ՛ գոտեպնդող է, եւ՛ զորեղացնող։ Մի բան հաստատ է. պետք է անվերջ ու անդադար խոսել մեր քաջորդիների սխրանքներից, պետք է գալիք սերունդը ճանաչի մերօրյա հերոսներին, որոնց արյան ու կյանքի գնով ենք այսօր ապրում։ Ամեն րոպե, ամեն վայրկյան հայրենիքի համար անմահացածների անունը պետք է լինի բոլորիս շուրթերին։ Նրանք կենդանի են, քանի մեր հիշողությունները կան իրենց մասին։
Օրվա ընթացքում պարբերաբար երկար զրույցներ էին՝ հեռախոսի այն ծայրին գտնվող շատ դեպքում անծանոթ, բայց հարազատ դարձած վաթսուներկու շիրակցիների հարազատների հետ։ Լիահույս տունդարձին ենք սպասում տղաների։ Ապրումակցումը շատ փոքր բառ է, որ նկարագրեմ այն ինչ զգում եմ ամեն զրույցից հետո։ Ինքս քաջալերում եմ, բայց հաճախ չեմ կարող զսպել արցունքներս։
Հավատում եմ՝ գալու են, շուտ են հետ գալու, որ միասին բռունցքվենք ու շենացնենք մեր երկիրը։
Մերթընդմերթ մտովի Արցախում էի։ Մի քանի անգամ կապ հաստատեցի Ստեփանակերտ, ռուս խաղաղապահներն ու մեր փրկարարներն անհետ կորածների որոնողական աշխատանքներով էին զբաղված, իրենց համար էլ օրը տոնական չէր։ Երբ առաքելությունը վեր է ամեն բանից…
Օրը ծանրորեն գլորվեց դեպի մայրամուտ՝ թողնելով դառնություն ու չամոքվող ցավ։
Տարեմուտը չսպիացրեց վերքերս…դեռ երկար է արնահոսելու»։