Ա.Գ.-ն հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Գեղամավանի գյուղապետարանի, երրորդ անձինք Հրազդանի նոտարական տարածքի նոտարի, Լ.Ք.-ի և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման՝ 1989թ. դեկտեմբերի 5-ի ժառանգության իրավունքի վկայագիրը 1.200 քմ հողամասի մասով, ինչպես նաև Գեղամավանի համայնքի կողմից տրված 2001թ. մայիսի 2-ի քաղվածքը անվավեր ճանաչելու պահանջների մասին։
Հայցվորը պահանջում են անվավեր ճանաչել Հրազդանի պետական նոտարական գրասենյակի նոտարի կողմից տրված 1989թ. դեկտեմբերի 5-ի թիվ 1571 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը: Վկայագրով հաստատվել է, որ 1957թ. մահացած Հ..Ք.-ից հետո նրա գույքի նկատմամբ ժառանգ է հանդիսանում նրա որդին՝ Պ.Ք.-ն, որը բնակվում է Սևանի շրջանի Գեղամավան գյուղում։ Ըստ Վկայագրի՝ ժառանգական գույքը բաղկացած է Սևանի շրջանի Գեղամավան գյուղում գտնվող 1.3000 քառակուսի մետր հողամասի վրա գտնվող բնակելի տնատիրությունից՝ 61.8 քառակուսի մետր օգտակար տնատիրությամբ, որից 46.6 քառակուսի մետրը՝ բնակելի։ Նշված է, որ տնատիրությունը հանգուցյալին է պատկանում Կամոյի ՏԳՄԲ-ի կողմից տրված 1989թ. դեկտեմբերի 5-ի տեղեկանքի և 1986թ. հոկտեմբերի 12-ի թիվ 108 գրանցման վկայագրի հիման վրա։
Հայցվորը դեռևս 1993 թվականին դիմել է դատարան և պահանջել անվավեր ճանաչել Վկայագիրը։ Կոտայքի շրջանային ժողդատարանը 1993թ. հունիսի 1-ի վճռով հայցը բավարարել է և անվավեր է ճանաչել Վկայագիրը։ Հավանաբար այդ վճիռը բեկանված է եղել, քանի որ Կոտայքի շրջանային ժողդատարանը 1994թ. փետրվարի 8-ին նորից է վճիռ կայացրել և կրկին հայցը բավարարելով՝ անվավեր է ճանաչել Վկայագիրը։
Ըստ վերոնշյալ դատական ակտերի` Վկայագիրն անվավեր ճանաչելու պահանջը ներկայացրել է սույն գործով հայցվոր Ա.Գ.-ն։ Սույն վարչական գործով որպես պատասխանող ներգրավված է Գեղամավանի գյուղապետարանը, իսկ որպես երրորդ անձինք՝ Հրազդանի տարածքի նոտարը, Լենդրուշ Քոչարյանը և ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանումը, որը Կամոյի միջշրջանային գույքագրման բյուրոյի իրավահաջորդը չէ։ Այսինքն, սույն գործով դատավարության մասնակիցները բոլորը չէ, որ նույնն են, ինչ եղել են Ա.Գ.-ի հայցով 1993-1995թ.թ. ընթացքում քննվող գործով։ Հետևաբար, դատարանի կարծիքով, բացակայում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի հիմքը՝ սույն գործի վարույթը կարճելու համար։
Դատարանը վճռեց հայցը մերժել: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը ևս որոշեց հայցվերի կողմից բերված վերաքննիչ բողոքը մերժել և վճիռը թողնել անփոփոխ:
Աղբյուրը` Իրավաբան.net