Գործարքները կնքվում են բանավոր կամ գրավոր (հասարակ կամ նոտարական) ձևով:
Բացառությամբ նոտարական վավերացում պահանջող գործարքների, հասարակ գրավոր ձևով պետք է կնքվեն`
1) իրավաբանական անձանց` միմյանց միջև և քաղաքացիների հետ գործարքները.
2) քաղաքացիների միջև աշխատավարձի սահմանված նվազագույն չափի քսանապատիկ գումարը (քսան հազար ՀՀ դրամը) գերազանցող, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` անկախ գումարի չափից, գործարքները:
Հասարակ գրավոր ձևը չի պահանջվում այն գործարքների համար, որոնք, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 295 հոդվածի համաձայն, կարող են կնքվել բանավոր:
«Գործարքի հասարակ գրավոր ձևը չպահպանելը վեճի դեպքում կողմերին զրկում է ի հաստատումն գործարքի ու նրա պայմանների` վկաների ցուցմունքներ վկայակոչելու, սակայն նրանց չի զրկում գրավոր և այլ ապացույցներ ներկայացնելու իրավունքից: Բացի այդ, օրենքում կամ կողմերի համաձայնությունում ուղղակի նշված դեպքերում գործարքի հասարակ գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է դրա անվավերության»,- Իրավաբան.net-ին հայտնում է փաստաբան Արփինե Եղիկյանը:
Արտաքին տնտեսական գործարքի հասարակ գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է դրա անվավերության:
Փաստաբանի խոսքերով՝ գործարքի նոտարական ձևը չպահպանելը ևս հանգեցնում է գործարքի անվավերության: Նման գրծարքն առոչինչ է:
Աղբյուրը` Իրավաբան.net