Աղքատությունը Հայաստանում․ ի՞նչ տվյալներ է հրապարկել Վիճակագրական կոմիտեն

Հայաստանում աղքատության մակարդակը 2019թ.-ին կազմել է բնակչության 26.4%-ը։ Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից։

Այս մասին նշվում է «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը, 2020» վիճակագրական-վերլուծական զեկույցում, որտեղ ամփոփ ներկայացված է Հայաստանի աղքատության մակարդակի գնահատականը և սոցիալական վիճակի ու կենսապայմանների փոփոխությունները 2009-2019թթ. ժամանակահատվածում:

Հայաստանի Հանրապետությունում աղքատության մակարդակը գնահատելու համար զեկույցում, որպես բարեկեցության ցուցանիշ, օգտագործվել են սպառմանն ուղղված ծախսերը, որոնք ավելի ճշգրիտ տեղեկություն են տալիս բարեկեցության մասին, քանզի եկամուտների բացակայությունն ինքնին դեռևս չի նշանակում բարեկեցության զրոյական մակարդակ: Կայուն եկամուտներ չունեցող տնային տնտեսություններն իրենց ապրուստը հոգում են սեփական արտադրության սննդամթերքի սպառման կամ սպառումը մասնավոր վարկերից ֆինանսավորելու միջոցով: Ավելին, միջին եկամուտ ունեցող երկրներում, որոնց շարքին է դասվում նաև Հայաստանի Հանրապետությունը, աղքատները եկամուտ ստանում են նաև գործունեության բազմաթիվ կարճաժամկետ տեսակներից, որոնք չեն արտացոլվում եկամուտներին վերաբերող տվյալներում: Նման հանգամանքներում բարեկեցությունը գնահատվում է ոչ թե տնային տնտեսությունների գործունեության բոլոր տեսակներից ստացվող եկամուտների ճշգրիտ հաշվարկի, այլ սպառմանն ուղղված ծախսերի հիման վրա:

Զեկույցում ներկայացված է 2019 թվականի Տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտության (ՏՏԿԱՀ) տվյալների հիման վրա Հայաստանում աղքատության գնահատման նոր մեթոդաբանությունը:

2009-2018թթ. ժամանակահատվածում ՀՀ-ում աղքատության տարեկան գնահատումը հիմնված է եղել տնտեսությունում գների մակարդակի փոփոխությունների համեմատ աղքատության գծերի տարեկան վերանայման վրա՝ սպառողական գների ինդեքսի (ՍԳԻ) կիրառությամբ: Թեպետ վերոնշյալով աղքատության գիծը համապատասխանեցվում է գնաճին, այս մոտեցումը հաշվի չի առնում ժամանակի ընթացքում բնակչության փոփոխվող վարքագիծն ու նախասիրությունները:

2019 թվականին ՀԲ-ն կրկին աջակցություն է ցուցաբերել ԱՐՄՍՏԱՏ-ին սպառման ազգային ագրեգատի և աղքատության գծերի ձևավորման ու վերանայման մասով` հիմնվելով տվյալ տարվա ՏՏԿԱՀ-ի տվյալների վրա: Վերահաշվարկված սպառման զամբյուղը և աղքատության գծերն արտացոլում են փոփոխություններն այնպիսի գործոնների մասով, ինչպիսիք են հայաստանյան հանրության շրջանում սպառման օրինաչափությունները, ծախսային վարքագիծը, ժողովրդագրական ցուցանիշների կառուցվածքը և այլն:

Նման ճշգրտումները բնական են և համապատասխանում են միջազգային լավագույն փորձին: ՀՀ-ում դինամիկ փոփոխվող հանրության շրջանում դրանք պետք է հաճախակի իրականացվեն (օրինակ` յուրաքանչյուր հինգ կամ վեց տարին մեկ):

2019 թվականի ՏՏԿԱՀ-ի տվյալների հիման վրա հաշվարկված աղքատության մակարդակների ցուցանիշները տարբերվում են 2009 թվականից ի վեր հաշվարկված համապատասխան ցուցանիշներից երեք առումով.

1. սպառման ագրեգացված ցուցանիշը հաշվարկվել է ՏՏԿԱՀ-ի վերանայված հարցաթերթի տվյալների հիման վրա,

2. ՏՏԿԱՀ-ում կիրառվել է տվյալների հավաքման նոր մեթոդ` գրասալիկի (պլանշետի) միջոցով,

3. փոփոխվել են աղքատության գծերի հաշվարկման հիմքերը։

ՀՀ-ում աղքատության գնահատականի հիմքում ընկած է «հիմնական կարիքների արժեքի» (ՀԿԱ) մեթոդը: ՀԿԱ-ի էությունը սպառման ՏՏԿԱՀ-ով փաստագրված այն զամբյուղի դրամական արժեքի գնահատումն է, որն անհրաժեշտ է տնային տնտեսությունների պարենային և ոչ պարենային հիմնական կարիքները հոգալու համար:

Այս դրամական արժեքը կոչվում է «աղքատության գիծ»:

Աղքատ են համարվում այն տնային տնտեսությունները, որոնց սպառումը ցածր է այդ զամբյուղի արժեքից, այսինքն` գտնվում է աղքատության գծից ներքև: Մասնավորապես, ՀՀ-ում տնային տնտեսությունների բարեկեցության մակարդակը որոշվում է մեկ չափահաս անձի հաշվով` ընդհանուր ամսական սպառման արժեքով:

Նոր մեթոդաբանությամբ փաստագրված աղքատության գիծը դրամական արտահայտությամբ ներկայացնում է (պարենային և ոչ պարենային) ապրանքների և ծառայությունների արժեքը, որն արտացոլում է տվյալ երկրում կենսամակարդակի նվազագույն մակարդակը:

2019թ.-ից սկսած ՀՀ-ում հաշվարկվում է աղքատության չորս տարբեր գիծ.

ա) պարենային (ծայրահեղ) աղքատության գիծ,
բ) աղքատության ստորին գիծ,
գ) աղքատության վերին գիծ,
դ) աղքատության միջին գիծ, որն աղքատության ստորին և վերին գծերի միջինն է:

Ելնելով աղքատության միջին գծից` աղքատության մակարդակը 2019թ.-ին կազմել է բնակչության 26.4%-ը:

2019թ.-ին աղքատության, վերին, ստորին և ծայրահեղ աղքատության գծերը, ինչպես նաև աղքատության միջին գիծը, արտահայտված մեկ չափահաս անձի հաշվով, մեկ ամսվա համար գնահատվել են` համապատասխանաբար, 53 043 դրամ (110.3 ԱՄՆ դոլար), 35 054 դրամ (72.9 ԱՄՆ դոլար), 23 763 դրամ (49.4 ԱՄՆ դոլար) և 44 048 դրամ (91.7 ԱՄՆ դոլար):

Աղքատությունը և անհավասարությունը

2019թ.-ից Հայաստանում օգտագործվում է ՀԲ-ի կողմից վերանայված՝ թվով չորրորդ մեթոդաբանությունը (չորս մեթոդաբանությամբ հաշվարկված աղքատության ցուցանիշները համեմատելի չեն):

Աղքատության խորությունը հաշվարկվում է աղքատ բնակչության հաշվով և ցույց է տալիս աղքատության պակասուրդը, այսինքն` թե որքանով է աղքատների միջին եկամուտը (կամ սպառումը) ցածր աղքատության գծից:

Աղքատության խորության (2019թ.-ի համար՝ 10.1%) գնահատականը նաև ցույց է տալիս, որ եթե երկիրը հնարավորություն ունենար յուրաքանչյուր անհատի հաշվով (և’ աղքատ, և’ ոչ աղքատ) մոբիլիզացնելու աղքատության գծի 10.1%-ին համարժեք ռեսուրսներ, և եթե այդ ռեսուրսները հատկացվեին միայն աղքատ տնային տնտեսություններին, ապա աղքատությունը տեսականորեն կվերանար, ենթադրելով, որ աղքատներին ուղղված աջակցությունն ամբողջությամբ հատկացվում է աղքատներին:

Աղքատության սրությունն արտացոլում է աղքատների միջև եղած սպառման անհավասարությունը: Այն արտացոլում է նաև այն փաստը, որ որոշ աղքատների սպառումը շատ է հեռու աղքատության գծից, իսկ որոշ աղքատներինը` շատ մոտ:


2008, 2018-20019թթ.-ին, ըստ ամբողջական եկամուտների ցուցանիշի, ողջ բնակչության համար անհավասարությունն աճել է, իսկ ըստ սպառման ագրեգատի՝ նվազել:

Ջինիի գործակցի միջոցով գնահատված անհավասարության ցուցանիշները վկայում են, որ Հայաստանում բնակչության բևեռացումն ըստ եկամուտների ցուցանիշի ավելի խորն է սպառման ագրեգատի ցուցանիշի համեմատ:

Աղքատության և կենսամակարդակի վերաբերյալ բնակչության սուբյեկտիվ գնահատականները 2019թ.-ի ՏՏԿԱՀ-ի ընթացքում տնային տնտեսությունների 16 և բարձր տարիքի անդամներին տրվել են հարցեր բարեկեցության և կենսամակարդակի վերաբերյալ, որոնց վերլուծությունը թույլ է տալիս պարզել նրանց սուբյեկտիվ գնահատականներն իրենց իսկ կենսապայմանների վերաբերյալ:

2019թ.-ին հարցվածների 13.0%-ն իրեն համարել է աղքատ (ըստ սպառման ագրեգատի հաշվարկված 26.4%-ի համեմատ): Իրենց ծայրահեղ աղքատ են համարել 1.0%-ը, ինչը մոտ է սպառման ցուցանիշով գնահատված ծայրահեղ աղքատության մակարդակին (1.4%):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել