Քաղաքագետ Սարո Սարոյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Ներկա իրավիճակի մասին մի փոքրիկ ակնարկ
Երեկ Վիտալի Բլասանյանն իր հարցազրույցում մատնանշեց Արցախի քաղաքական ապագան։ Ըստ այդմ՝ Արցախը դառնում է կրկին Լեռնային Ղարաբաղ, այնտեղ հաստատվում է ռազմական դիկտատուրա՝ հայ-ռուսական համատեղ ղեկավարմամբ, Պաշտպանության բանակը դուրս է բերվում ՀՀ ՊՆ ենթակայությունից, վարչական ինստիտուտները վերակողմնորոշվում են դեպի Ռուսաստան, սոցիալ-տնտեսական կյանքի պատասխանատվությունը ստանձնում է Կրեմլը, հանրությունը շարժվում է կատարյալ ռազմականացման ճանապարհով՝ զինծառայությունը վերածվում է մշտական մասնագիտության եւ դառնում է գրեթե բոլոր տղամարդկանց համար պարտադիր, ամբողջությամբ սահմանափակվում են քաղաքացիների տեղաշարժի, խոսքի, խղճի եւ այլ ազատությունները։ Դեռևս անհայտ են Լեռնային Ղարաբաղի՝ Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունների բնույթը, գործառույթային առնչակցությունը։
Այդ թվում՝ դեռևս անորոշ են մնում պաշտպանական-անվտանգային հարցերը, օրինակ՝ ՀՀ պարտադիր ժամկետային զինծառայողների Ղարաբաղում գտնվելը։ Ամեն դեպքում վերջին երկու օրերին ՀՀ արձակուրդի եկած պարտադիր ժամկետային զինծառայողների դեպի Արցախ վերադարձը դարձել է խնդրահարույց՝ զինվորները այս կամ այն զորամասում սպասում են տվյալ խնդրի լուծմամբ պայմանավորված զարգացումներին։
Լեռնային Ղարաբաղի փաստացի ղեկավարության մոտ, փառք աստծո, կա գիտակցումը, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը հայության մի մասնիկն է։ Վիտալի Բալասանյանի մոտ կա համոզմունք, որ արցախահայությունը Հայ առաքելական եկեղեցու հետեւորդը պետք է մնա։ Այսինքն էթնիկ նույնականացման հարցում առայժմ չկա քաղաքական խնդիր։ Բայց ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի քաղաքական համակարգն առաջիկայում ՀՀ քաղաքական համակարգի հետ ունենալու է լրջագույն խնդիրներ, որը կարող է բացասաբար ազդել մեր ազգային-պետական ծրագրերի վրա։ Առավել եւս, որ կա Կրեմլի օպերացիոն ներազդեցությունը ու դրա հետ մեկտեղ ամբողջովին բացակայում է Հայաստանի կառավարության ներգործությունը իրավիճակի վրա։
Այդ երկու պարամետրերը հենց հանդիսանում են հնարավոր լրջագույն խնդիրների ծագման դետոնատորները։ ՀՀ ներկայիս ղեկավարության տգիտությունը սահմաններ չունի ու սպասել, որ գոնե ինքնության առկա մակարդակը կկարողանանք պահել ապագայում, ես կասկածներ ունեմ»։