2020թ. հիմնանորոգվեց 12 մանկապարտեզ. Երևանի քաղաքապետարան

Նոր Նորքի հ. 99 մանկապարտեզը բացվել է 1967թվականին. թաղամասում այն առաջինն էր: Շահագործման օրից կրթօջախը չէր հիմնանորոգվել: Երևանի քաղաքապետարանի 2020 թվականի ծրագրով շենքն ամբողջությամբ նորոգվեց:

Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանից:

Ընդհանուր առմամբ այս տարի հիմնանորոգվեց մայրաքաղաքի 12 մանկապարտեզ: Աշխատանքների մեծ մասն ավարտված է:

«Նյութատեխնիկական բազայի ապահովումը ցանկացած դեպքում հարմարավետ միջավայր է ստեղծում երեխաների և մանկավարժների համար, որպեսզի ողջ ներուժն ուղղի բովանդակային աշխատանքի կազմակերպմանը»,-նշում է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի ժ/պ Կարեն Սարգսյանը:
Հիմնանորոգման ծրագրի իրագործման շնորհիվ, ի թիվս այլոց, լուծվեց մանկապարտեզների տանիքներից մշտական կաթոցի խնդիրը. հարթ տանիքների փոխարեն կառուցվեցին թեք ու թիթեղյա տանիքներ: Առաջին անգամ, որպես պարտադիր պահանջ, մանկապարտեզների շենքերը ջերմամեկուսացվեցին: Գազի ու հոսանքի խնայողությունը կզգացվի արդեն առաջին ամսից
«10 սմ մեկուսիչ շերտ է արված, վրայից՝ 2-3 սմ ցեմենտավազե շերտ, ինչը կապահովի արդյունավետ ջերմամեկուսացում»,-նշում է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանը:

Էրեգախնայողության բաղադրիչը ներկա է նաև շենքի ներսում: Խմբասենյակներն ու միջանցքները լուսավորվում են էներգախնայող՝ լուսադիոդային լուսատուներով:
Շինարարության ամբողջ ընթացքն ու որակը քաղաքապետի անմիջական հսկողության տակ էր. ոչ մի շեղում չափորոշիչներից: Հիմնանորոգման ընթացքում լուծվեց ևս մեկ կարևոր խնդիր՝ փոխվեցին մանկապարտեզների ջրահեռացման համակարգերը, կառուցվեցին նոր սանհանգույցներ: Առանձնակի ուշադրություն դարձվեց խոհանոցներին: Կառուցվեցին օդափոխության նոր համակարգեր, իակ գույքը կթարմացվի շուտով:
Բոլոր մանկապարտեզներում տեղադրված են հակահրդեհային և անվտանգության հատուկ համակարգեր: Հիմնանորոգումից հետո որոշ մանկապարտեզների տարածքն ընդլայնվեց, փակ դռներն էլ բացվեցին, ինչը հնարավորություն կտա, որ ավելի մեծ թվով երեխաներ հաճախեն:

2020թ. մեկնարկեց նաև Երևանի էներգաարդյունավետության ծրագիրը: Հիմնանորոգվող 15 մանկապարտեզից երկուսում աշխատանքներն արդեն մեկնարկել են: Մի շարք նախակրթարաններում էլ էներգաարդյունավետության առանձին միջոցառումներ կարվեն:

Ծրագիրը համաֆինանսավորում են Եվրոպական ներդրումային բանկը, էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի հարցերով Եվրոպայի արևելյան գործընկերության նախագիծը և Կլիմայի կանաչ հիմնադրամը:
Համայնքն իր փոքրիկ բնակիչների առջև ստանձնել է պարտավորություն՝ ապահովել նոր ու որակյալ կրթություն, որի առաջին քայլը կրթարանի պայմանները բարելավելն է են:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել