Այսօր՝ դեկտեբերի 29-ին, Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, թե ինչու՞ ՀՀ-ն չի դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ):
«Որովհետև Հայաստանն անդամակցում է ՀԱՊԿ-ին իր սահմաններում, ՀԱՊԿ-ի անդամ չի հանդիսանում այն տարածքը, որը որ Լեռնային Ղարաբաղի Սահմանադրության մեջ ամրագրված է և հանդիսանում է Լեռնային Ղարաբաղ: Դրա համար ՀԱՊԿ-ում նման գործընթաց սկսելը՝ հաշվի առնելով, որ ՀԱՊԿ-ում կան երկրներ, որոնք սերտ գործնական հարաբերություններ ունեն նաև Ադրբեջանի հետ, կարող էր լինել անարդյունք, որովհետև կրկնում եմ ՀՀ-ն է անդամակցում, ոչ թե ԼՂՀ-ն։ Դա հասարակ պարզ տրամաբանություն է»,- ասաց Ալեն Սիմոնյանը։
ԱԺ փոխնախագահի խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկման է հրավիրել խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերին և շատ ուրախ է, որ «Բարգավաճ Հայաստանը», «Լուսավոր Հայաստան» ու այլ կուսակցություններ պատրաստ են քննարկումների:
Լրագրողների հարցին, թե բացի հրապարակված փաստաթղթից կա՞ արդյոք այլ գաղտնի փաստաթուղթ, նա ասաց. «Բազմաթիվ անգամ ասվել է, որ բացի այդ հայտարարված փաստաթղթից, ոչ մի այլ փաստաթուղթ գոյություն չունի, չկա նաև բանավոր որևիցե պայմանավորվածություն»:
Ինչ վերաբերում է արտահերթ ընտրությունների՝ ԱԺ փոխնախագահն ասաց, որ օր առաջ ընտրություններ են պետք և դա պետք է բոլորին, նաև՝ իշխանությանը, իսկ ժամկետների առումով դրանք կախված են շատ տարբեր տեխնիկական և քաղաքական լուծումներից, որովհետև այդ ժամկետները պետք է համաձայնեցված լինեն նաև գործընկերներին: