«Մենք մեր օրակարգում չունենք արտահերթ ընտրությունների գնալու հարցը, մենք պահանջել ենք վարչապետի հրաժարականը, որի դեպքում կձևավորենք նոր կառավարություն միայն պրոֆեսիոնալների կազմով, երկիրը կկայունացնեք ու նոր միայն կգնանք արտահերթ ընտրությունների»,-այս մասին այսօր՝ դեկտեմբերի 29-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:
Նրա խոսքով` կառավարությունը չի կարողանում նույնիսկ պատգամավորների անվտանգությունն ապահովել Ազգային ժողով մտնելիս, հետևաբար անհեթեթ է նոր ընտրությունների մասին խոսել:
«Էն քաոտիկ վիճակը, որ հիմա կա, դա վտանգավոր է երկրի պետականության համար, որովհետև մենք ինչ տեսանք երեկ Ազգային ժողովի մոտ, դա կարող ենք տեսնել՝ ամեն գյուղում, ամեն համայնքում և դա անվերահսկելի կարող է լինել»,- ասաց պատգամավորը:
Նա ասաց, որ հիմա իրենց օրակարգում չկա վարչապետի հետ հանդիպման հարց. «Եթե Փաշինյանն առաջարկի քննարկել իր հրաժարականի և իշխանությունն անցնում փոխանցելու հարցը, կարծում եմ, մենք կհանդիպենք, բայց նման առաջարկ դեռ չենք ստացել»,-ասաց Գորգիսյանը: