Հակոբ Արշակյանը մասնակցել է սահմանամերձ Բերդ քաղաքում բացված Թումո տուփի հանդիսավոր բացմանը

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի, ՀՀ կենտրոնական բանկի և Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ ընկերության համագործակցության շրջանակներում Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ քաղաքում բացվեց Թումոյի մարզային ծրագրի արդեն երկրորդ Թումո տուփը:

Այս մասին տեղեկանում ենք բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության տարածած մամուլի հաղորդագրությունից:

Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը, պաշտոնատար անձինք։

Ողջունելով ներկաներին` նախարար Հակոբ Արշակյանը շնորհավորել է Թումո կենտրոնին, Բերդ համայնքի բնակիչներին Թումո տուփի բացման կապակցությամբ: 

«Շատ կարևոր է մեր համայնքներում այսպիսի ենթակառուցվածքի առկայությունը: Այն հավելյալ հնարավորություններ է տալիս մեր երեխաներին այլընտրանքային կրթություն ստանալու, նոր տեխնոլոգիաներին ծանոթանալու և տեսնելու, թե ինչպես են այդ տեխնոլոգիաները փոխում աշխարհն ու տարբեր ոլորտներ` սկսած գյուղատնեսությունից մինչև պաշտպանություն»,-  նշել է նախարարը: 

Թումո տուփը հեշտ տեղաշարժվող, սակայն տեխնիկապես հագեցած մինի Թումո է։ Այն  կարող է տեղադրվել ցանկացած քաղաքում կամ գյուղում և ծառայել որպես Թումոյի ինքնուսուցողական տարածք տվյալ համայնքի պատանիների համար։ 

Ուսանողները՝ Թումո կրթական ծրագրի մաս կազմող ինքնուսուցման փուլը անցնելու են տուփում, իսկ Թումոյի գործնական դասընթացների համար ուղևորվելու են Թումո Դիլիջան։ Յուրաքանչյուր Թումո տուփ տարեկան շուրջ 320 պատանու հնարավորություն կտա կրթվելու տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտները։

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ընդգծել է, որ  Թումոյի ներկայությունը Տավուշում ունի երեք առավելություն.

«Մեկն այն է, որ կենտրոնն ինքն իրենով երկարաժամկետ զարգացման ծրագիր է և համայնքներում կրթության միջոցով փոփոխությունների առիթ է հանդիսանում, երկրորդը Տավուշի ու հատկապես Բերդի պատանիների ինժեներական, տեխնոլոգիական արդեն իսկ առկա ներուժի զարգացումն է, իսկ երրորդն էլ նոր կորպորատիվ մշակույթի ներմուծումն է` սկսած էսթետիկայից մինչև համայնքի ակտիվացումը»,- ասել է մարզպետը։

ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանն էլ իր խոսքում  կարևորել է ստեղծագործ մտքի զարգացումը երկրում, որը շատ լուրջ հնարավորություններ կարող է ստեղծել ապագայում.

 «Կենտրոնական բանկը, ինչպես յուրաքանչյուր կորպորատիվ կառույց, ունի իր սոցիալական պատասխանատվությունը, և մենք Դիլիջանում որպես գործընկեր ընտրեցինք հենց Թումոյին` վստահելով կենտրոնի առաքելությանը»,- ասել է ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը:

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը ներկայացրել է, թե ինչպես է տարիներ առաջ Թումո Դիլիջանում Բերդի պատանիների համար անցկացված գրաֆիկական դիզայնի հատուկ դասընթացի ընթացքում ծնվել Թումո տուփի գաղափարը.  

«Ոգեշնչվելով մասնակիցների հաջողությամբ և այս նախագծի արդյունքներով` մենք սկսեցինք աշխատել Հայաստանի և Արցախի փոքր քաղաքներում ու գյուղերում մինի-Թումոների ստեղծման և արդեն գործող մեծ կենտրոնների հետ դրանց միավորման գաղափարի շուրջ», – ասաց Մարի Լու Փափազյանը:

Բացի Թումոյի հիմնական ծրագրից, առավոտյան ժամերին Տուփը կարող է օգտագործվել այլ կրթական ծրագրեր իրականացնելու համար։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել