Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Աշոտ Ա.-Ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2011 թվականի մինչև 2012թ. փետրվարի 23-նը Արարատ քաղաքի ՈԿՖ բանավանի բնակչուհի Ք. Հարությունյանի հետ ապրելով համատեղ ամուսնական կյանքով, նրա նկատմամբ դրսևորել է դաժան վերաբերմունք և պարբերաբար նվաստացրել է անձնական արժանապատվությունը, այն է` հաճախ ծեծի է ենթարկել, վիրավորել է նրան, աշխատած գումարները ծախսել ալկոհոլային խմիչքներ գնելու համար, ընտանիքի սոցիալական նվազագույն պայմանները չի հոգացել, որպիսի արարքներով ընտանիքում առաջացել են տևական անբարենպաստ սոցիալ-հոգեբանական սթրեսածին պայմաններ:
Բացասական ապրումների վրա սևեռվելու պատճառով առաջացած լարվածության կուտակումը Ք. Հարությունյանը սուբյեկտիվորեն ըմբռնել է որպես անելանելի, իսկ 2012թ. փետրվարի 13-ին` ժամը 21:30-ի սահմաններում տեղի ունեցած հերթական ծեծկռտուքից հետո Ք. Հարությունյանի մոտ զարգացել է հոգեկան գործունեության ժամանակավոր հիվանդագին խանգարում «Սուր դեպրեսիվ հակազդման ձևով», ինչի արդյունքում Ք. Հարությունյանը դիմել է ինքնասպանության` ցած է նետվել պատշգամից և մահացել:
Մեղադրյալի նակատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Տեղեկացնենք, որ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի` սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը՝պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net