Ս. Զասի գրությունը վերաբերում է ՀԱՊԿ շրջանակներում անցկացվող հերթական շտաբային վարժանքների կազմակերպման և անցկացման հարցերին. ԱԽ

Անվտավտանգության խորհուրդը հայտարարություն է տարածել, որում նշվում է․

«Սույն թվականի դեկտեմբերի 26-ին Սերժ Սարգսյանի փեսա, ինչպես նաև Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը Ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի կողմից ս.թ. սեպտեմբերի 1-ին ուղղված իբր «գաղտնի» գրության պատճենը: Չմանրամասնելով Մ. Մինասյանի կողմից այդ գրության հետքերով արված անհեթեթ և իրականությունից կտրված մեկնաբանությունները, որոնք նպատակ են հետապնդում ապակողմնորոշելու հայ հանրությանը՝ հերթական վարժանքների պլանը ներկայացնելով իբրև սեպտեմբերի 27-ին սկիզբ առած պատերազմական գործողությունների նախազգուշացում, հարկ ենք համարում հայտնել հետևյալը:

Ցավալի է, որ տարբերություն չի դրվում «գաղտնի» և «ծառայողական օգտագործման համար» նշագրերի միջև: Հարկ է նշել, որ եթե փաստաթուղթը ծառայողական օգտագործման համար է, ապա դրա բովանդակությունը գաղտնի չէ, ուղղակի նախատեսված է բուն նշանակությամբ օգտագործման, այլ ոչ թե հրապարակման համար, մինչդեռ փորձ է արվում այդ գրությունը ներկայացնել իբրև գաղտնի նամակ, որը թաքցվել է հայ հանրությունից:

Անդրադառնալով նշյալ գրության բովանդակությանը՝ նշենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ս. Զասի գրությունը վերաբերում է ՀԱՊԿ շրջանակներում անցկացվող հերթական շտաբային վարժանքների կազմակերպման և անցկացման հարցերին: Հատկանշական է, որ նման շտաբային վարժանքները և զորավարժությունները կրում են մշտական բնույթ և նախատեսվում են ՀԱՊԿ ամենամյա պլաններով: Հարկ է նաև նշել, որ հրապարակված գրությունում նշված նույնաբովանդակ զորավարժություններ են տեղի ունեցել նաև նախկինում, որտեղ մտահղացումները կազմվել են նույն սցենարով: Բացի դրանից պրն. Մինասյանը սուտ պնդումներ է անում, թե իբր նամակով ՀԱՊԿ-ին դիմելու առաջարկ է եղել։

Անվտանգության խորհրդի գրասենյակի կողմից նշյալ գրության հիման վրա իրականացվել են համապատասխան աշխատանքներ՝ շտաբային վարժանքին ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությունն ապահովելու ուղղությամբ: Հարկ է հավելել, որ ըստ կարգի ԱԽ գրասենյակը Պաշտպանության նախարարությանը, Արտակարգ իրավիճակների նախարարությանը, ինչպես նաև Ազգային անվտանգության ծառայությանը ներգրավել է վերոնշյալ թեմայով շտաբային վարժանքներում, որը կայացել է հեռավար եղանակով՝ տեսակոնֆերանսի միջոցով։ Շտաբային վարժանքի արդյունքներով ՀԱՊԿ պաշտոնական կայքում տեղադրվել է միջոցառման մասին պատմող նյութ, որին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝
https://odkb-csto.org/…/v-tsentre-krizisnogo…/»,-նշված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ երեկ Միքայել Մինասյանը նամակ էր հրապարակել, որով ենթադրվում է, թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը կոդավորված ձևակերպումներով Արցախյան պատերազմի սկսվելուց 26 օր առաջ զգուշացրել էր ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին սպասվող պատերազմի և դրա ընթացքի մասին՝ միաժամանակ առաջարկելով դիմել դաշնակից ՀԱՊԿ-ին ռազմական աջակցություն ստանալու համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել