«Ժողովրդի շատ զավակներ այսօր եկել են իրենց աջակցությունը հայտնելու եկեղեցուն՝ համացանցում հնչած սպառնալի կոչերին ի պատասխան։ Մենք գնահատում ենք մեր զավակների նախանձախնդրությունը, հավատարմությունը, սերն ու նվիրումը Հայ Առաքելական սուրբ եկեղեցու նկատմամբ»,-այս մասին Սուրբ Գայանե եկեղեցում պատարագից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։
Կաթողիկոսը անդրադարձել է նաև այն գնահատականներին, ըստ որոնց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին միանալը քաղաքական գործընթացներին միջամտել է գնահատվում․ «Եկեղեցին առաջնորդվում է մեր ազգի ու հայրենիքի շահերով և համազգային հնչեղություն ունեցող հարցերի առնչությամբ արտահայտում է իր վերաբերմունքն ու տեսակետը, սա չպետք է այլ մեկնաբանություն ունենա։ Եկեղեցին իր կարծիքն ազատ է արտահայտել, ինչպես յուրաքանչյուր քաղաքացի։ Եթե արտահայտած տեսակետն ի պաշտպանություն մեր ազգային շահերի է, ի սեր մեր ժողովրդի է, ուրեմն աստվածահաճո է»։