ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Սուրբ Գայանե եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում ասել է, թե գերագույն գլխավոր հրամանատարը երբ պարտվում է, պետք է գնա՝ անկախ ամեն ինչից։
Նա հայտարարել է, թե պատերազմի ժամանակ բանակը կորցրել էր իր կառավարումը․ «Չէր կառավարվում, որովհետև երբ սպաների, գեներալների գործունեության մեջ քաղաքացիներ են մտնում և քմահաճույքներ են իրականացնում, մարդկանց հոգին փառավորվում է, երբ ոստիկաններ են ծեծում, դա այդ հոգուն փառավորվելու շարունակությունն է։ Ինձ պետք է պատասխան տան, որովհետև իմ տղաներն եմ։ Երկար տարիներ նրանց հետ եմ եղել. Շուշիի մշակույթի կենտրոնը, Շուշիի խաչմերուկում տեղի ունեցածը և այլն»։
Վլադիմիր Գասպարյանն ասաց, որ զոհված ոստիկանների իրական թիվը թաքցվել է. «Ավելին ասեմ, դեռ գլխներին խփած, որ թաքցրել են, բայց որ այդ տղաներին առանց ռազմական զինվորական հարգանքի տուրք մատուցելու, գաղտնագողի են հուղարկավորել, կարծում եմ՝ ամբողջ համակարգի համար պետք է վիրավորական լինի։ Նույնիսկ անունները չեն ասել»։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանին՝ Արցախը հանձնելու համար 5 միլիարդ դոլարի ենթադրյալ առաջարկությանը, Գասպարյանը ասել է. «Ես գիտեմ, որ 6 միլիարդ է, գիտեմ, որ դեռ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ այդ 6 միլիարդի խոսակցությունը եղել է, եղել է և երկրորդ, և երրորդ նախագահների ժամանակ։ Դրան հավատալ կամ չհավատալու խնդիր չկա, պետք է քննություն լինի։ Ակնկալում եմ, որ Դատախազությունը պետք է ղեկավարվի օրենքով, այլ ոչ թե քմահաճույքներով»։