Վիճակն ավելի ծանր է, քան մենք խոսում ենք, որովհետև մենք 30 տարվա ընթացքում հսկայական խնդիրներ ենք կուտակել․ Արմեն Սարգսյանը Գյումրիում հանդիպել է հասարակայնության ներկայացուցիչների հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Գյումրիում հանդիպել է հասարակայնության ներկայացուցիչների հետ:

Շուրջ երկու ժամ տևած զրուցի ընթացքում նախագահ Սարգսյանը և հանդիպման ավելի քան երկու տասնյակ մասնակիցները՝ գիտության, կրթության, մշակույթի, իրավական, գործարար, հասարակական ոլորտների ներկայացուցիչներ, մտքեր են փոխանակել երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, ներկայացրել իրենց մտահոգությունները և տեսակետները, անդրադարձել առկա ճգնաժամը հանգուցալուծելու ուղիներին:

«Գալիս է մի պահ, երբ պետք է փորձես զգացմունքներդ մի կողմ դնել և, սառը մտածելով, ծրագրես, թե վաղն ինչ ես անելու,-ասել է նախագահը։ -Երբ մեծ կորուստ ենք ունենում, զգացմունքները մթագնում են մեր ուղեղը, առողջ դատելու ունակությունը, բայց ինչ-որ պահից հետո զգում ենք, որ, միևնույն է, կյանքը շարունակվում է, ու, ինչքան էլ դժվար է, պետք է որոշումներ ընդունես, որովհետև այդ որոշումներից ոչ միայն քո այսօրվա կամ վաղվա վիճակն է կախված, այլ նաև ուրիշների, ընտանիքիդ, քո ազգականների, ընկերների, իմ դեպքում՝ ավելի շատ, չնայած՝ ուղղակի պատասխանատվություն շատ հարցերում չեմ կրում, բայց, միևնույնն է, բեռը դրանից չի պակասում։ Ընդհակառակը՝ ավելի ծանր է, որովհետև հաճախ գիտես խնդիրը, դրա լուծումը, նույնիսկ ասում ես, բայց միևնույն է, լսող չկա։

Ժողովուրդը քվեարկել է և որոշել, որ խորհրդարանական պետություն ենք։ Նախագահական, խորհրդարանական, ո՞րն է լավ կամ վատ, երկրորդական է։ Եթե չունես հավասարակշռություններ և զսպման մեխանիզմներ, դրանցից յուրաքանչյուրը կարող է դառնալ պարզ դիկտատուրա։ Կարևոր չէ՝ այդ դիկտատորի անունն ինչ է՝ նախագահ է, վարչապետ է, թագավոր է, ինչ ուզում է լինի, եթե զսպման մեխանիզմներ և հավասարակշռումներ չկան։ Իսկ մեր Սահմանադրությունը չունի»։

Խոսելով երկրում ստեղծված իրավիճակի մասին՝ Հանրապետության նախագահն ասել է, որ խորը փոսի մեջ ենք, որը կարող է ավելի խորանալ։ «Հստակ է, որ ավելի են խորանալու է մեր տնտեսական դժվարությունները, առողջապահական վիճակը՝ կապված կորոնավիրուսի հետ: Հստակ է, որ ունենք մեծ ժողովրդագրական խնդիր և եթե չկարողանանք որոշ հարցեր լուծել կամ ժողովրդի մեջ հույս արթնացնել, թունելի վերջում լույս ցույց տալ, շատերը հեռանալու են երկրից։ Հեռանալու են մտավորականները, հատկապես երիտասարդ մասնագետները:

Մյուս խնդիրը հումանիտարն է, որովհետև մենք ունենք մեծ թվով անտուն մարդիկ, որոնք եկել են Արցախից։ Մենք չենք տեսնում, որ համապատասխան ծառայությունները անում են բավարար աշխատանք, որպեսզի այդ հարցը լուծվի։

Վիճակն ավելի ծանր է, քան մենք խոսում ենք, որովհետև մենք 30 տարվա ընթացքում հսկայական խնդիրներ ենք կուտակել,-ասել է նախագահը։ -Եկեք միասին մտածենք՝ ինչպես ենք հասել այստեղ։ Այսօր հսկայական խնդիր ունենք պետական ինստիտուտների չաշխատելու հետ կապված։ Այսքան տարիներ մեր բոլոր պետական ինստիտուտներն անձնավորվել են։ Մենք ինչպե՞ս էինք պատրաստվում պատերազմում հաղթել, եթե պետական ինստիտուտները ոչ կարողանում են համագործակցել, ոչ նորմալ պարտականությունները կատարել, չկա կարգապահություն։

26 տարի առաջ մենք փառահեղ հաղթանակ ունեցանք։ Պատճառները բազմաթիվ են՝ մարդկանց ոգին է, որն այսօր էլ կա։ Ես վիրավոր զինվորների հետ հանդիպեցի, նրանք ֆենոմենալ ոգի ունեն, նրանք պատերազմում չեն պարտվել։ 1994-ին մենք հաղթեցինք, որովհետև շատ շուտ կամավորներից բանակ դարձանք և թշնամուց մի քանի տարով առաջ էինք մեր կազմակերպվածությամբ ու պատրաստությամբ, որովհետև այլ երկրներից Մոնթեի նման մարդիկ եկան, ովքեր ինչ-որ փորձառություն ունեին: Խորհրդային բանակից եկան գեներալներ, գնդապետներ, մայորներ և կամավորական հսկա ուժից սարքեցին բանակ, մի քանի տարով թշնամուց առաջ էինք, դրա համար հաղթեցինք։ Իսկ հիմա մի քանի տարով հետ էինք։

Ժողովրդագրական իմաստով 26 տարի ի՞նչ ենք արել։ Ինչո՞ւ չկարողացանք Արցախի բնակչությունը գոնե կես միլիոն դարձնել, չեմ ասում՝ մեկ միլիոն։ Մեկ միլիոն բնակչություն լիներ, պատերազմ չէր լինելու, որովհետև ոչ ոք չի գնում պատերազմելու այն տարածքներ, որտեղ մեկ միլիոն մարդ է ապրում։ Եկեք մտածենք՝ ինչպե՞ս եղավ, որ 26 տարի ունեինք, մտածում էինք՝ հաղթել ենք, հարցը լուծված է, երբ թշնամին ամեն օր զենք էր առնում, հայտարարում էր՝ գալու եմ վերցնեմ, ու մենք դա արհամարհում էինք․․․

Կարելի է նորից կոնսպիրացիաների անցնել, որ մեծ տերությունները արեցին, բայց եկեք մեզ նայենք։ Եթե այսպես ենք շարունակելու, որ մեր բոլոր հարցերը լուծվում են ինչ-որ տեղ, այլ մոլորակի վրա… Այո, մեծ տերություններն ունեն իրենց շահերը, մեր խնդիրն է պարտադրել մե՛ր շահերը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել