Արամայիս Ս.-ին և Մուրադ Մ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք, ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով` Մուրադ Մ.-ին պատկանող և Յունիբանկ ՓԲԸ-ում գրավադրված բնակարանը կալանքից հանելու և այն Խաչիկ Ա.-ին վաճառելու պատրվակով, վերջինիցս թաքցնելով արգելանքի առկայությունը, Խաչիկ Ա.-ից մաս-մաս ստացել են ընդհանուր առմամբ 16.0136.720 ՀՀ դրամին համարժեք 43.000 ԱՄՆ դոլար գումար և չկատարելով վերը նշված գործողությունը` խարդախությամբ հափշտակել են նշված գումարը։
ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի համաձայն`
1. Խարդախությունը՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Խարդախությունը, որը կատարվել է՝
1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
1.1) պաշտոնեական դիրքն օգտագործելով,
2) խոշոր չափերով,
3) (3-րդ կետն ուժը կորցրել է 23.05.11 ՀՕ-143-Ն)
4) (4-րդ կետն ուժը կորցրել է 09.06.04 ՀՕ-97-Ն)
5) կաշառք ստանալու պատրվակով`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:
3. Խարդախությունը, որը կատարվել է՝
1) առանձնապես խոշոր չափերով,
2) կազմակերպված խմբի կողմից`
3) (3-րդ կետն ուժը կորցրել է 23.05.11 ՀՕ-143-Ն)
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net