Վլադիմիր Կ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. փետրվարի 11-ին, առանց հափշտակելու դիտավորության, փախցրել է Երևան քաղաքի Երզնկյան 71 հասցեի դիմացի հատվածում կայանված Հակոբ Ս.-ի կողմից վարվող «ՎԱԶ2107» մակնիշի մեքենան, որը չկարողանալով ղեկավարել` հարվածել է Երզնկյան 56 հասցեի դիմաց կայանված Մովսես Ա.-ի կողմից վարվող «Մերսեդես Բենց ՄԼ230» ավտոմեքենային:
Գործով մեղադրյալ Վլադիմիր Կ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
ՀՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի համաձայն`
1. Ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալը (փախցնելը) առանց հափշտակելու նպատակի՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:
2. Նույն գործողությունը, որը՝
1) խոշոր չափերի վնաս է պատճառել,
2) կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
3) կատարվել է կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը՝
1) առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառել,
2) կատարվել է կազմակերպված խմբի կողմից,
3) կատարվել է կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից ութ տարի ժամկետով:
Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net