Հանրային խորհրդի նախագահ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը Իրավաբան․net-ի հետ զրույցում անդրադարձել է 2010 թվականի հունիսի 24-ին ընդունված «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքին, որը նկարագրում է նաև Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի սահմանները։ Նախագծին 6 պատգամավոր էին դեմ քվեարկել, որոնցից մեկը Ստյոպա Սաֆարյանն էր։
Սաֆարյանի խոսքով՝ կարևոր է հասկանալ, թե ինչ իրադարձություններ էին կատարվում այդ շրջանում։
«2007 թվականից սկսած ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը 2 անգամ շրջանառության մեջ դրեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին օրինագիծը։ Նախագծով առաջարկում էինք ԼՂՀ-ն ճանաչել այդ պահին սահմանադրորեն ամրագրված իր տարածքներով, որը Ղարաբաղը սահմանակից էր դարձնելու Հայաստանի Հանրապետությանը։ Այդ օրինագծի քննարկումները կառավարության խնդրանքով մի անգամ հետաձգվեցին և դա տևեց մինչև 2010-11թթ․։ Այդ ժամանակ իհարկե տեղյակ չէինք, որ ընթանում են ղարաբաղյան հարցի վերաբերյալ բանակցություններ, որոնք 2011-ին պետք է ավարտվեին Կազանում, որտեղ Սերժ Սարգսյանը պետք է համաձայներ 7 շրջանների հանձնմանը։ Մենք այդ մասին տեղյակ չէինք։ Ցավալիորեն, այդ տարիներին Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես այդ օրենքով Արցախը համարեց Ադրբեջանի Հանրապետություն»,-նշում է Սաֆարյանը։
Հարցին՝ արդյոք նման ձևակերպումների վերաբերյալ քննարկումներ եղել են խորհրդարանում, նախկին պատգամավորը նշեց, որ նախագիծը բավականին ծավալուն է եղել, «գյուղ առ գյուղ նկարագրություններ են տրվել»։
«Ես այդ հարցը բարձրացրել եմ տարածքային կառավարման հանձնաժողովում՝ նշելով, որ ուղղակի անթույլատրելի է Երևանում նստել և թղթի վրա գծել ազգային անվտանգության համար նշանակություն ունեցող սահմանները։ Ինձ պատասխանեցին, որ հանձնաժողովը արտագնա նիստեր է անցկացնելու՝ տեղում հարցերը կարգավորելու համար։ Ես չգիտեմ՝ այդպիսի նիստեր եղել են, թե ոչ, Սյունիք այցելել են և համայնքապետերը տեսել են, որ Ադրբեջանի Հանրապետություն է նշված, թե ոչ։ Կարևոր է իմանալ՝ արդյոք համայնքապետերը տեսել են նախագիծը, արդյոք իմացել են, թե ինչպես են սահմանները որոշվում։ Ինձ ասվել է, որ անում են, բայց քանի արտագնա նիստ է եղել, ինչ քննարկումներ են անցկացվել, որտեղ և ում են հանդիպել, ինձ արդեն դրա մասին հավելյալ տեղեկություն չեն տվել»,-նշեց Ստյոպա Սաֆարյանը։
Նախագծի մասին մամուլում միայն մի քանի հիշատակում է եղել, Ադրբեջանի Հանրապետության վերաբերյալ որևէ հիշատակում չի եղել։ Սաֆարյանը նշում է, որ հանրության պասիվ մասնակցության և իրազեկվածության պայմաններում ընդունվեց այդ նախագիծը։
«Այստեղ պետք է ընդգծել նաև լրատվամիջոցների պատասխանատվության բաժինը, հատկապես հեռուստաընկերություններինը, որոնք պետք է իմ, իմ գործընկերների ելույթներն ու կատարվողը հասցնեին հասարակությանը և ոչ թե տարիներով ամեն ինչ թաքցնեին։ Եվ հանկարծ այսօր հայտնաբերվեր, թե որտեղ է ավարտվում ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին, որտեղ է ավարտվում և սկսվում Ադրբեջանի սահմանը։ Այս խնդիրները շատ երկար նորմատիվ օրենսդրական ճարտարապետության հետևանք են, որոնց բախվում ենք այսօր։ Դրանց մասին մեզ չեն տեղեկացրել ո՛չ իշխող կուսակցությունը, ո՛չ նրա հետ կոալիցիա կազմած ուժերը՝ ՕԵԿ-ը, ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն։ Այդ թվականներին նրանք կոալիցիոն կառավարություն էին կազմել։ Մեզ մոտ են միայն առարկություններ եղել, բայց մենք լրատվամիջոց չունեինք, որպեսզի մարդկանց տեղյակ պահեինք այդ խնդիրների մասին»,-նշեց նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ընդունված օրենքով, օրինակ՝ չի նշվում, որ Խնձորեսկը սահմանակից է Արցախին կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը: Նշվում է այսպես․ ««Դ»-«Ե» հատվածով սահմանագիծը հանընկնում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի հետ»: Նույնը վերաբերում է Հայաստանի Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի մյուս բոլոր սահմանային գյուղերին:
Հիշեցնենք, որ այդ ընթացքում գործում էր 4-րդ գումարման խորհրդարանը, որն ունեցել է 131 պատգամավոր։ 131 պատգամավորական մանդատներից 65-ը Հայաստանի հանրապետական կուսակցությանն էր, 25-ը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, 16-ը ՀՅԴ-ինը, 8-ը «Օրինաց երկիր» կուսակցությանը, 7-ը «Ժառանգություն» կուսակցությանը, 1-ը «Դաշինք» կուսակցությանը և 10-ը անկախ պատգամավորներինը։ Նախագիծն ընդունվել է 77 կողմ, 6 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։