Երևանի ավագանու անդամի թեկնածուների համար օրենքը սահմանել է համապատասխան իրավունքներ և երաշխիքներ, որոնք անհրաժեշտ են նրանց կարգավիճակից բխող գործողությունների կատարումն ապահովելու համար:
Այսպես` պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներն ու պաշտոնատար անձինք, բացառությամբ քաղաքական և հայեցողական պաշտոն զբաղեցնողների, թեկնածու գրանցվելուց հետո մինչև նախընտրական քարոզչության ավարտը ժամանակավորապես ազատվում են իրենց աշխատանքային պարտականությունները կատարելուց:
Թեկնածուներն ազատվում են զորահավաքներից, ժամկետային զինվորական ծառայությունից և ուսումնավարժական հավաքներից:
Թեկնածուն քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն, ինչպես նաև քվեարկության օրվանից հետո իրավունք ունի հանելու իր թեկնածությունը: Կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված քաղաքացու անուն-ազգանունը ցուցակից հանվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով: Թեկնածուի ինքնաբացարկի մասին դիմումը վավերացվում է նոտարական կարգով, կամ թեկնածուն ինքնաբացարկի մասին իր դիմումը հաստատում է հանձնաժողովի նիստում:
Աղբյուրը` Իրավաբան.net