Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Կարեն Մինասյանի (անունը փոխված է):
Կարեն Մինասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. մարտ-մայիս ամիսների ընթացքում Երևան քաղաքի Եղբայրության փողոցի թիվ 9 հասցեում հիմնադրել է «Արմ-Կրեդիտ» կազմակերպությունը և առանց հատուկ թույլտվության /լիցենզիայի/ ծավալել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորման ենթակա վարկերի տրամադրման գործունեություն, որի հետևանքով պետությանը պատճառել է խոշոր չափի` 1 100 000ՀՀ դրամի վնաս:
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նշենք, որ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի`
1. Առանց պետական գրանցման, հաշվառման (բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի) կամ առանց հատուկ թույլտվության (լիցենզիայի) լիցենզավորման ենթակա կամ օրենքով արգելված ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելը, որը զուգորդվել է անձանց կամ կազմակերպություններին կամ պետությանը զգալի վնաս պատճառելով, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` մեկ տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը զուգորդվել է անձանց կամ կազմակերպություններին կամ պետությանը խոշոր վնաս պատճառելով, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երկուհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` մեկից երկու տարի ժամկետով:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net