Գրավատունը յուրաքանչյուր վարկը տրամադրելիս (գույքն ի պահ ընդունելիս) ձևակերպում է գրավատոմս (անվանական պահպանական անդորրագիր) և վարկառուի (պահատուի) վճարների հաշվառման անձնական քարտ:
Գրավատունը վարկավորման վերաբերյալ փաստաթղթերը պահպանում է համապատասխան պայմանագիրը դադարելուց հետո` առնվազն երեք տարվա ընթացքում:
Վարկավորման վերաբերյալ փաստաթղթերը պահպանվում են գրավատան տարածքում` մետաղյա պահարանում կամ առանձին սենյակում, որտեղ կողմնակի անձանց մուտքը սահմանափակ է, կամ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող որևէ բանկում:
Գրավատունը երաշխավորում է վարկավորման վերաբերյալ փաստաթղթերի գաղտնիությունը:
Գրավատունը տվյալ անձի վարկավորման վերաբերյալ փաստաթղթերը կամ դրանցում ներառված տեղեկությունները տրամադրում է միայն`
ա) Կենտրոնական բանկին` ելնելով վերջինիս վերահսկողության լիազորությունների իրականացման անհրաժեշտությունից, ինչպես նաև «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում և կարգով.
բ) դատարանին, հետաքննության մարմնին, քննիչին, դատախազին` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով.
գ) վարկառուի կողմից լիազորված անձանց.
դ) նոտարական գրասենյակին` ժառանգության վերաբերյալ հարցերով.
Վերը նշված մարմինները և անձինք օրենքով սահմանված կարգով պահպանում են իրենց տրամադրված տեղեկությունների գաղտնիությունը:
Աղբյուրը` Իրավաբան.net