«Այնքան անելիքներ, նպատակներ ուներ իր առջև դրված»․ հայրենիքի համար զոհված Գոռ Սարգսյանը

Գոռը Սարգսյանը 21 տարեկանում էր զորակոչվել բանակ, Երևանի պետական համալսարանում էր սովորում։

«Գոռ Սարգսյան․․․ սա պարզապես անուն և ազգանուն չէ, սա այն մարդու անունն է, ով կարող էր փրկել իր կյանքը ամեն գնով սակայն հերոսաբար որոշեց տալ իր կյանքը հանուն բոլորիս: Շա՜տ անելիքներ ուներ:

Գոռն իմ ամենաբարի, ամենախաղաղ ընկերն է՝ եղել է կա ու միշտ էլ կմնա, հիմա էլ չեմ կարողանում նրա մասին խոսել անցյալով)։ Միասին աշխատել ենք մոտ չորս տարի, ափսոսում եմ միայն նրա համար, որ այդքան քիչ եմ իրեն ճանաչել և այդպես էլ չհասցրեցինք ավելի երկար շփվել»,-Իրավաբան.net-ի հետ զրույցում պատմում է Գոռի գործընկերուհին՝ Անահիտ Ավանեսովան:

Իր խոսքով՝ ընկերներիցս ամենայուրահատուկն էր Գոռը, ամենահամեստ անձնավորությունը։

«Կենսուրախ կյանքով լեցուն իմ ընկերը դեռ այնքան անելիքներ ուներ, այնքան նպատակներ ուներ իր առջև դրված սակայն կյանքն իր համար այլ ուղղի էր պատրաստել: Պատրաստ էր բոլորին օգնել, կիսել բոլորի թե՛ ուրախությունը, թե՛ վիշտը: Երբեք չէր կարող անտարբեր անցնել, երբ տեսնում էր տխրությունս, բոլոր անհնար և հնարավոր միջոցներն օգտագործում էր տրամադրությունս բարձրացնելու համար և դա իր մոտ ստացվում էր: Անհնար էր նրան տեսնելիս չժպտալ, անգամ հիմա, երբ նայում եմ մեր նկարին, մտածում եմ իր մասին, ակամայից միայն ժպիտն է պարուրում ինձ»,-նշում է Անահիտը:

Գոռն ինքն իրեն «պրոֆեսիոնալ» ասում․ լավ էր աշխատում, արագ։

«Բոլորին ասում էր՝ ինձ նման աշխատեք առանց սխալների: Եվ այդպես էլ եղավ, նրա լավ աշխատանքը գնահատվեց և նա ստացավ լավագույն աշխատակից կոչումը:

«Սիրում էր համեղ ուտել, աշխատանքի ժամին միշտ պիցցա և լահմաջո էինք ուտում և բնականաբար օրը օր չէր առանց քաղցրի։ Քաղցր շատ էր սիրում, շատ էր ուտում, բայց միևնույնն է չէր չաղանում։ Անչափ գեղեցիկ էր, նիհար, բոյով, խնամված: Իր մայրիկի պատրաստած միկադոն էր շատ սիրում։

Առհասարակ չէր սիրում նկարվել, չորս տարվա ընկերս է ընդհամենը մեկ նկար ունենք որտեղ այնքան գեղեցիկ է… Վստահ եմ, որ երկնքից հիմա ժպտում է մեզ: Դարձավ մեր բոլորի պահապան հրեշտակը: Ես շատ շնորհակալ եմ կյանքին, որ ունեմ իրեն, նա եղել է կա ու միշտ էլ կմնա մեր բոլորի սրտերում, միշտ սիրելու ենք նրան ու կարոտելու»,-պատմում է Անահիտը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել