Արցախում սպանության համար դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը փոխանցվել են Բաքվին։
Նրանք 2014թ․-ի ամռանը ներթափանցել էին Քարվաճառ, պատանդ վերցրել 14-ամյա Սմբատ Ցականյանին ու սպանել։ ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը Դիլհամ Ասկերովին դատապարտվել էր ցմահ, իսկ Շահբազ Գուլիևին՝ 22 տարվա ազատազրկման։
Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսվել է գերիների փոխանակման գործընթացը։
Գերիների խնդրին այսօր անդրադարձել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը․ «Կարող եմ ասել, որ մենք ընդհուպ մոտեցել ենք գերիների փոխանակման, մեր գերիների վերադարձի գործընթացի մեկնարկին: Շատ շուտով մենք սպասում ենք մեր գերիների՝ պաշտոնապես հաստատված խմբի վերադարձի մեկնարկին: Մեր մտածումը հետեւյալն է. այս փուլում պիտի սկսենք վերադարձնել այն գերիներին, որոնց գերեվարված լինելու փաստը հաստատված է պաշտոնապես Ադրբեջանի եւ Կարմիր խաչի կողմից, որից հետո ավելի շատ կենտրոնանանք գտնվելու վայրը անհայտ մեր եղբայրների փնտրտուքի վրա, որոնց մի մասը, հնարավոր է, գերեվարված լինեն: Սա նույնպես շատ բարդ գործընթաց է, եւ այստեղ էլ ակնկալում եմ մեր քաղաքացիների, առավելեւս՝ գտնվելու վայրը անհայտ մեր եղբայրների ընտանիքների անդամների ըմբռնումը»: