Մի քիչ ավելի պարզ, բայց շատ հակիրճ, ի՞նչ անել ներկա վիճակի հետ․ Հովհաննես Ավետիսյան

Հանրային ֆինանսների կառավարման հարցերով փորձագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Մի քիչ ավելի պարզ, բայց շատ հակիրճ, ի՞նչ անել ներկա վիճակի հետ, այլ կերպ ասած Նիկոլը գնա և պետության համար պատասխանատվություն ստանձնելու ունակ մարդիկ և խմբերը վերցնեն կառավարման բեռը:

1. Ճգնաժամային կառավարման ծրագիր, որը իրենից ներկայացնում է հստակ գործողությունների ծրագիր և դրա ժամանակացույց:
Հիմա քաղաքական կարգախոսների և կոչերի ժամանակներ չեն: Դրանց շուրջ մարդիկ չեն հավաքվելու: Այս գործողությունների ծրագիրը կլինի այն միջոցը, որ կհամախմբի մարդկանց, որոնք իրապես երկրի ճակատագրով են մտահոգված:

2. Քաղաքական բոլոր դերակատարների հետ քննարկումներ ծրագրի գործողությունները հսատկեցնելու և դրանց շուրջ փոխադարձ պատասխանատվություն և պարտավորություններ ստանձնելու համար:

3. Ծրագրի հստակեցումից հետո, պարզ կդառնա թե ովքեր են կարող անձինք և խմբերը, որոնք կարող են ծրագիրը իրականացնելու համար պատասխանատվություն ստանձնել: Այսինքն, ովքեր են, որ կարող են դառնալ, այսպես ասած, անցումային կառավարություն:

4. Նիկոլ Փաշինյանի և իր պատգամավորների հետ իրականացնել քննարկումներ, ծրագրին սատարում ստանալու, անվտանգության երաշխիքներով վարչապետի հեռանալը կազմակերպելու և անցումային կառավարում ձևավորելու համար:
Ճգնաժամային կառավարումը ենթադրելու է կարճաժամկետ հատվածում օրենսդրական մի շարք փոփոխություններ (հատկապես պետական բյուջե), հետևաբար, ով էլ նշանակվի անցումային կառավարության վարչապետ, ստիպված է լինելու աշխատել ներկա Ազգային Ժողովի հետ, և հետևաբար նշածս գործողությունների ծրագիրը նախապես պետք է հասկանալի և ընդունելի լինի:

5. Քաղաքական բոլոր դերակատարների համախմբումը ԾՐԱԳՐԱՅԻՆ անցումային կառավարության շուրջ հնարավորություն կտա իրականացնել գործողություններ, որոնք երկիրը կբերեն կառավարելի վիճակի: Նման ծրագրի նախնական տարբերակ հրապարակել եմ, հետևաբար մեկնարկային աշխատանքները կարելի դրա, կամ այլ առաջարկի շուրջ սկսել:
Այդ գործողություններից առանցքայիններն են` աշխարհազորի ստեղծման շուրջ աշխատանքներ, բանակը մարտունակ վիճակի բերել կարճ հատվածում, տեղահանվածների և փախստականների բնակարային ֆոնդի ստեղծում, սահմանների ամրակցում, հաշմանդամ զինովարականների նոր հոսպիտալի կառուցում…:
Ծրագրային անցումային կառավարությունը ծրագրով կառավարումը ստանձնելու դեպքում հնարավորություն կստանա ներառել բոլոր քաղաքական ուժերին ծառացած օրհասական խնդիրների լուծման շուրջ: Չեն լինի, ո՛չ սպիտակներ, ո՛չ սևեր, չեն լինի, ո՛չ նախկիններ, ո՛չ ներկաներ, կլինի ընդհանուր նպատակ և ընդհանուր շահ` պետությունը և բոլորիս անվտանգությունը:

6. Անցումային կառավարության վերջին գործողությունը կլինի ընտրությունների կազմակերպումը նոր օրենսգրքով: Արտահերթ ընտրություններին անցումային կառավարման ներկայացուցիչները չեն մասնակցի և կապահովեն կառավարման անցումը ժողովրդի ընտրությամբ ձևավորված քաղաքական միավորներին:
Պետական կառավարման իմ գիտելիքներն ու փորձը հիմք են տալիս հավատալու, որ սա է օպտիմալ ճանապարհը և սա հաջողելու մեծ հավանականություն ունի, որի համար, ինչպես բազմիցս նշել եմ, պատրաստ եմ ջանք ու եռանդ դնել, չխնայել ո՛չ ժամանակ, ո՛չ կարողություն:
Տեղեկացնեմ նաև, որ որոշ քաղաքական դերակատարներ (կշիռ ունեցող կուսակցությունների ներկայացուցիչներ), և կշիռ ունեցող քաղաքական անհատներ տեղյակ են այս մոտեցմանը և հուսով եմ ինչ-որ պահի` հնարավորինս շուտ, սրա շուրջ քննարկումները կդառնան առարկայական և մենք բոլորս` երկրի կարող ուժերը կհամախմբվենք ճգնաժամային կառավարման շուրջ` անկախ մեր ներկա ու անցյալ, սև ու սպիտակ լինելուց:
Սա միակ ճանապարհն է, որ վստահաբար երկիրը կառավարելի վճակի կբերի` բոլորին համախմբելով, այլ տարբերակները հաջողելու ավելի քիչ հավանականություն ունեն, իսկ հաջողելու դեպքում դրանց կողմից ճհնաժամի հաղթահարման կարողությունը անհայտ է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել