Վերջին անգամ իր հետ խոսել եմ հոկտեմբերի 28-ին, վերջին բառերն էլ «Սիրում եմ քեզ»-ն էր․ պատմում է Հովհաննես Գրիգորյանի ընկերուհին

Արցախյան պատերազմում զոհվել է Հովհաննես Գրիգորյանը, նա Արցախի Մարտունի քաղաքի բնակիչ էր։ Հովհաննեսը կամավոր էր մեկնել՝ պատերազմին մասնակցելու։ Բանակում ծառայել է 2014-2016 թվականներին, նաև մասնակցել է ապրիլյան պատերազմին։  Հովհաննեսի ընկերուհին Իրավաբան.net-ի հետ զրույցում պատմեց ընկերոջ մասին։

«Հովիս մասին կարող եմ անվերջ պատմել ու գովաբանել, որովհետև նա արժանի է դրան։ Երկուսս էլ Արցախի Մարտունի քաղաքից ենք։ Բավականին հաճախ էինք Մարտունու փողոցներում պատահական հանդիպում։ 2017 թվականին սկսեցինք շփվել, նա նկատել էր իմ տխուր ու ինքնամփոփ լինելը և փորձեց երջանկացնել ինձ։ Ասեմ, որ նրա մոտ ստացվեց և մեր միասին անցկացրած կարճ տարները ամենաերջանիկն են ինձ համար»,- պատմում է Հովհաննես Գրիգորյանի ընկերուհին՝ Էլեն Օհանյանը։

Նա ասում է, որ արդեն պատկերացրել էին ապագան իրենց տղայի և աղջկա հետ, անգամ անուններն էին ընտրել իրենց երեխաներին։  Շատ երազանքներ և նպատակներ ունեին։

«Վստահ եմ, որ մեր քաղաքի բոլոր բնակիչներն էլ հպարտ են, որ ճանաչել են Հովիս։ Պատերազմի օրերին շատ դժվար էր կապի դուրս գալիս, բայց երբեք ինձ ու իր հարազատներին անհանգիստ չէր թողնում։ Ամեն զանգելուց ասում էր, որ ամեն ինչ լավ է լինելու։ Վերջին անգամ իր հետ խոսել եմ հոկտեմբերի 28-ին, վերջին բառերն էլ «Սիրում եմ քեզ»-ն էր»,- ասում է Էլենն ու ավելացնում, որ ամեն ինչ կանի Հովհաննեսի և մյուս բոլոր նահատակ տղաների պատիվն ու հիշատակը պահելու համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել