Շատ ափսոս, որ 44-օրյա այս պատերազմի ընթացքում մենք Հայաստանում չունեցանք Վազգեն Սարգսյան․ Հասրաթյան

Արցախի զինված ուժերի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ, գնդապետ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«1997-ի հոկտեմբերի սկզբին՝ ձեր խոնարհ ծառան ծավալուն հարցազրույց ունեցավ Վազգեն Սարգսյանի հետ: Խոսում էինք ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի, բանակաշինության, Արցախի շուրջ ընթացող բանակցությունների, հնարավոր փոխզիջումների և էլի մի շարք հարցերի մասին: Ասեմ, որ 23 տարվա հեռավորությունից այդ հարցազրույցն իր արդիականությունը ոչ միայն չի կորցրել, այլև տալիս է այսօրվա իրականությանը վերաբերող մի շարք հարցերի պատասխաներ: Թերևս, տեղին եմ համարում վերհիշել զրույցի ընթացքում Սպարապետի կողմից հնչեցված մտքերից որոշ հատվածներ:

«…Ղարաբաղի հարցի կարգավորումը պիտի իրականացնի ողջ հայ ժողովուրդը՝ Հայաստանում, Ղարաբաղում, Սփյուռքում: Բայց առաջին հերթին պիտի հաշվի առնել Ղարաբաղի ժողովրդի կարծիքը, որովհետև նա իր կյանքի, արյան, իր զավակների գնով կարողացավ այս պատերազմում հիմնական դերակատարը լինել: Ինքը նվաճեց իր հողի վրա ապրելու իրավունքը, և ողջ հայ ժողովուրդը պարտավոր է պաշտպանել այն…»

«… Հիմնովին սխալ է այս պատերազմը «ղարաբաղյան» կոչել, սա ողջ հայ ժողովրդի պատերազմն է: Եվ եկեք ճշտենք, այս պատերազմը և, ընդհանրապես, այս շարժումը մինչև այսօր մեզ ավելի շատ տվե՞լ է, թե տարել է մեզանից: Եթե հիշում եք, այս շարժումն առաջին հերթին ազատագրեց Հայաստանը՝ Մեղրիից մինչև Մասիս, հետո Լաչին ու Շուշի, Քելբաջար և մնացածը: Այս պատերազմը, եթե անգամ մենք չենք սիրում (չգիտեմ, աշխարհում կա՞ պատերազմ սիրող ժողովուրդ), բայց իրենց հարգող ժողովուրդները հարգում են իրենց պատերազմը: Պարտավոր ենք հարգել մեր պատերազմը և նրանից հոգնելու և առավել ևս այն ատելու իրավունք չունենք…»

«…Յուրաքանչյուր պատերազմող երկիր, բնականաբար, պիտի քաշի պատերազմի բեռը: Եթե որոշել ենք, որ պատերազմող երկիր ենք, հարգում ենք մեր ազատությունն ու անկախությունը, դրանք գերագնահատում ենք մեր այսօրվա դժվարություններից, վառելանյութի, երշիկի և այլնի քչությունից, ապա մենք չափազանց ճիշտ ուղու վրա ենք: Եթե մենք, ի վերջո, այնպիսի ժողովուրդ ենք դարձել, որն իր սոցիալական ու կենցաղային դժվարությունները գերագնահատելու է իր անկախությունից ու ազատությունից, ուրեմն այդպիսի ժողովուրդ ենք…»

Հ.Գ.- Շատ ափսոս, որ 44-օրյա այս պատերազմի ընթացքում մենք Հայաստանում չունեցանք Վազգեն Սարգսյան…»,-գրել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել