ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Ռ. Նիկոյանի` վերջինիս կողմից 100.000 դրամ վճարելու համար վճարման կարգադրություն արձակելու պահանջով։
Պատասխանող Ռ.Նիկոյանը հակընդդեմ հայցադիմում է ներկայացրել դատարան` 21.04.2011 թվականի թիվ ԱԳ 317267 վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունն ամբողջությամբ վերացնելու պահանջի մասին։
Դատաքննության ընթացքում հայցվորի ներկայացուցիչը հայտնեց, որ նկարահանվել է իրավախախտման փաստը, որից հստակորեն երևում է, որ հակընդդեմ հայցվորը չի զիջում հետիոտնային անցման հատել սկսող, արդեն իսկ հետիոտնային անցման կղզյակում գտնվող հետիոտնին և շարունակում է վարել մեքենան։ Ավելացրեց նաև այն, որ «ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» միջազգային կոնվենցիայի 21-րդ հոդվածի 6-րդ մասը սահմանում է, որ չկարգավորվող հետիոտնային անցումով հատող հետիոտնին տրանսպորտային միջոց վարող անձը պարտավոր է զիջել ճանապարհը նույնիսկ այն պարագայում, երբ որ հետիոտնը նոր է սկսում անցման հատումը և ցանկանում է ավարտել հատումը։
Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունից հետևում է, որ Ոստիկանությունը խախտում է արձանագրել, իսկ հակընդդեմ հայցվորը գրավոր դրա դեմ առարկել է։ Արձանագրության վրա Ռ.Նիկոյանը դրանում նշված խախտման վերաբերյալ ներակայացրել է առարկություն. «համամիտ չեմ ճանապարհային ոստիկանի արձանագրության հետ, որը չի կազմել մյուս խախտումը արագության…», իսկ առարկության մնացած մասն անընթեռնելի է, որը չկարողացավ նախնական դատական նիստի ընթացքում պարզաբանել նաև պատասխանող Ռ.Նիկոյանը։
Դատարանն արձանագրել է, որ սույն գործով Ոստիկանությունը պետք է ապացուցի հակընդդեմ հայցվորի կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտման փաստը, և գտել է, որ այդ փաստի դեմ հակընդդեմ հայցվորի գրավոր առարկության պայմաններում խախտման փաստը վիճելի է մնում, քանի որ Ոստիկանությունը հակընդդեմ հայցվորի պնդումը հերքելու որևէ ապացույց չի ներկայացրել։ Ուստի դատարանը գտնում է, որ Ոստիկանության հայցը հիմնավորված չէ։
Դատարանը վճռեց ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության հայցը` ընդդեմ Ռ.Նիկոյանի` 100.000 դրամ բռնագանձելու պահանջի մասին, մերժել, իսկ Ռ.Նիկոյանի հակընդդեմ հայցը` ընդդեմ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության` 21.04.2011թ. թիվ ԱԳ 317267 վարչական իրավախախտման վերաբերյալ որոշումն ամբողջությամբ վերացնելու պահանջի մասին, բավարարել։
Աղբյուրը` Իրավաբան.net