Ստուգման նպատակը տնտեսավարող սուբյեկտի գործունեության ոլորտում օրենքի և այլ իրավական ակտերի հիման վրա պետական մարմիններին ներկայացված կամ հրապարակված հաշվետվությունների արժանահավատությունը պարզելը, Հայաստանի Հանրապետության օրենքների ու այլ իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ պետական հսկողություն իրականացնելը և տնտեսավարող սուբյեկտի գույքային իրավունքները պաշտպանելը, իսկ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան նշանակված ստուգումների դեպքում նաև տնտեսավարող սուբյեկտի գործունեության հետ կապված առանձին տարրերի փաստացի իրավիճակը պարզելն է:
Տնտեսավարող սուբյեկտի մոտ մեկ ստուգման ժամկետը չի կարող տևել ավելի, քան 15 անընդմեջ աշխատանքային օր` յուրաքանչյուր տարվա համար, ընդ որում, ստուգման առաջին օր է համարվում ստուգումը փաստացի սկսելու օրը:
«Ստուգումը փաստացի սկսելու օր է համարվում ստուգվող օբյեկտում պահվող ստուգման մատյանում համապատասխան գրառում կատարելու օրը»,-Իրավաբան.նեթ-ին հայտտում է փաստաբան Արփինե Եղիկյանը:
Տնտեսավարող սուբյեկտը պետք է ունենա ստուգման մատյան, որը պարունակում է տեղեկություններ` տարվա ընթացքում կատարվող ստուգումների, ստուգումն իրականացնող համապատասխան պետական մարմնի, ստուգող պաշտոնատար անձանց կազմի, ստուգման հարցերի, նպատակի, ժամկետների մասին:
Փաստաբանը տեղեկացնում է նաև. «Ստուգման ժամկետը չպետք է գերազանցի ստուգում իրականացնելու մասին համապատասխան պետական մարմնի ղեկավարի (փոխարինող պաշտոնատար անձի) հրամանում կամ հանձնարարագրում նշված ժամկետը: Անհրաժեշտության դեպքում ստուգումն իրականացնող պաշտոնատար անձի գրավոր հիմնավորմամբ` համապատասխան պետական մարմնի ղեկավարի (փոխարինող պաշտոնատար անձի) հրամանով կամ հանձնարարագրով, տասնհինգօրյա ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 10 անընդմեջ աշխատանքային օր, իսկ ստուգվող ժամանակաշրջանի որևէ ֆինանսական տարվա արդյունքով 3,0 մլրդ դրամ և ավելի իրացման շրջանառության կամ համախառն եկամուտ հայտարարագրած տնտեսավարող սուբյեկտների մոտ մինչև 75 անընդմեջ աշխատանքային օր: Դրա մասին պետք է տեղեկացվի ստուգվող օբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող անձին»:
Աղբյուրը` Իրավաբան.net