Կառավարությունը դեկտեմբերի 3-ի նիստին հաստատեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված ռազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալողների ծախսերի փոխհատուցման 6-ամսյա սոցիալական աջակցության միջոցառումը։
Հարցը գործադիրի անդամներին ներկայացրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։
Միջոցառման շրջանակում հյուրընկալ է համարվում այն ֆիզիկական անձը, ում Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետության վերահսկողության ներքո գտնվող բնակավայրերում սեփականության (այդ թվում՝ համատեղ կամ բաժնային) իրավունքով պատկանում է բնակելի անշարժ գույք և ով հյուրընկալվողին տրամադրում է կացարան 2020 թվականի դեկտեմբեր, 2021 թվականի հունվար-մայիս ամիսների համար:
Սույն միջոցառման իմաստով հյուրընկալվող չի համարվում Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետության վերահսկողության ներքո գտնվող բնակավայրերում սեփականության (այդ թվում՝ համատեղ կամ բաժնային) իրավունքով բնակելի անշարժ գույք ունեցող քաղաքացին։
Սոցիալական աջակցությունը տրամադրվում է անհատույց՝ յուրաքանչյուր ամիս դրամական օգնության ձևով՝ յուրաքանչյուր հյուրընկալված քաղաքացու համար 30 000 ՀՀ դրամ, եթե հյուրընկալի կացարանը Հայաստանի Հանրապետությունում է և 45 000 ՀՀ դրամ, եթե հյուրընկալի կացարանը Արցախի Հանրապետությունում է¸ որը, համաձայն ՀՀ օրենսդրության, ենթակա չէ հարկման։
Սույն միջոցառումից օգտվելու համար դիմումը պետք է ներկայացվի էլեկտրոնային եղանակով՝
- 2020 թվականի դեկտեմբեր ամսվա համար՝ դեկտեմբերի 25-ից մինչև 2021 թվականի հունվարի 12-ը ներառյալ,
- 2021 թվականի հունվար-մայիս ամիսների համար՝ յուրաքանչյուր ամսվա 25-ից մինչև հաջորդ ամսվա 5-ը ներառյալ։
Դիմումին կցվում է նաև հյուրընկալվողի անձը հաստատող փաստաթղթի լուսապատճենը:
Մեկ հյուրընկալվողի գծով սոցիալական աջակցությունը տրամադրվում է ամսական միայն մեկ անգամ: Ընդ որում` սոցիալական աջակցության տրամադրումը դադարեցվում է, եթե հյուրընկալվողը ներկայացնում է աջակցության տրամադրման դադարեցման դիմում՝ կացարանի տրամադրումը դադարելու հիմքով կամ Արցախի Հանրապետության կառավարության կողմից հյուրընկալվողի՝ Արցախի Հանրապետությունում մշտական բնակություն հաստատելու տեղեկության դեպքում։
Սոցիալական աջակցությունը տրամադրվում է դրամական օգնության գումարը բանկային հաշվեհամարին փոխանցելու միջոցով: