Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ նիստին կարևորեց Պուտինի հետ համագործակցությունը՝ արցախյան պատերազմի ընթացքում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի առցանց նիստին: Նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահի պաշտոնակատար Թալանթ Մամիտովը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույնթով, որում մասնավորապես նշել է.

«Հարգելի նախագահող,

Հարգելի գործընկերներ,

Հարգելի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար,

Ուրախ եմ ողջունել ձեզ այսօրվա հանդիպմանը, որն ամփոփում է Ռուսաստանի Դաշնության նախագահությունը մեր կազմակերպությունում: Ռուսաստանի նախագահության առաջնահերթություններն ուղղված էին ՀԱՊԿ զարգացման հրատապ խնդիրների լուծմանը և մեր համագործակցության բարելավմանը: Մենք շնորհակալ ենք բոլորիս համար դժվար այս ժամանակահատվածում կատարված աշխատանքի համար:

Ես կցանկանայի նաև շնորհակալություն հայտնել Ստանիսլավ Վասիլիի Զասին և ՀԱՊԿ ամբողջ քարտուղարությանը` այսօրվա հանդիպումը հեռակա կազմակերպելու և, ընդհանուր առմամբ, համաճարակի պայմաններում իրականացվող աշխատանքի համար: Եվ, իհարկե, օգտվելով առիթից, կցանկանայի ողջունել Ղրղզստանի Հանրապետության նախագահի պաշտոնակատար Թալանթ Մամիտովին, ով առաջին անգամ է մասնակցում մեր կազմակերպության նիստին:

Սիրելի բարեկամներ,

Հայ ժողովրդի համար վերջին երկու ամիսները եղել են ագրեսիայի դիմակայության շրջան: Ադրբեջանը, որին աջակցում էին Թուրքիան և Մերձավոր Արևելքից հավաքագրված ահաբեկիչ վարձկանները, պատերազմ սանձազերծեց հայ ժողովրդի դեմ:

Ինչպես ձեզ հայտնի է, Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ դադարեցնել ռազմական գործողությունները և պայմանավորվել իրավիճակի լարվածության նվազեցման միջոցառումների շուրջ:

Արդեն ավելի քան երեք շաբաթ է ռազմական գործողություններն ավարտվել են: Հակամարտության գոտում տեղակայված են ռուս խաղաղապահները: Սակայն այսօր էլ մենք դեռևս ունենք մի շարք անհետաձգելի խնդիրներ:

Առաջին հերթին, դա ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչպես նաև մահացածների մարմինների փոխանակումն է և անհայտ կորածների ճակատագրի պարզումը: Դրանք հարցեր են, որոնք ենթակա չեն հետաձգման: Հայկական կողմը պատրաստ է ինտենսիվացնել իր գործողություններն այս գործընթացի արագացման և դրա արդյունավետության բարձրացման համար: Միաժամանակ, անհրաժեշտ է բացառել ռազմագերիների և պահվող անձանց նկատմամբ բռնությունն ու  նրանց արժանապատվությունը ոտնահարող դեպքերը:

Երկրորդը՝ պայմաննհերի ստեղծումն է արցախցիների՝ իրենց տներ վերադարձի, Լեռնային Ղարաբաղում բնականոն կյանքի վերականգնման համար: Մարդիկ պետք է վստահ լինեն, որ իրենք անվտանգության մեջ են և կարող են շարունակել ապրել իրենց հողում: Մի քանի տասնյակ հազար արցախցիներ արդեն վերադարձել են իրենց տներ և մենք գործադրում ենք բոլոր ջանքերը՝ մեր հայրենակիցներին օգնելու և աջակցելու համար:

Բացի այդ, անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել ադրբեջանական զորքերի կողմից զբաղեցված տարածքներում գտնվող հայ ժողովրդի մշակութային ու կրոնական հուշարձանների պաշտպանության համար:

Ի վերջո, կարևոր է ապահովել տրանսպորտային հաղորդակցության անվտանգ գործունեությունը: Անհրաժեշտ է բացառել ցանկացած սադրանք և ստեղծել նորմալ պայմաններ Արցախի ժողովրդի կենսագործունեության համար անհրաժեշտ ենթակառուցվածքների գործառնության համար: Իմ կողմից նշված բոլոր միջոցառումները, ներառյալ տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, անհրաժեշտ են երկար և հուսալի խաղաղության ամուր հիմք ստեղծելու համար:

Հարգելի գործընկերներ,

Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Արցախի ու Հայաստանի միջև կապն ապահովող Լաչինի միջանցքով տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբն այսօր հանդիսանում է այս տարածաշրջանում խաղաղության և անվտանգության պահպանման երաշխավորը: Այս առումով, ցանկանում եմ առանձնահատուկ ընդգծել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բացառիկ դերը: Ռազմական գործողությունների 44 օրվա ընթացքում մենք եղել ենք մշտական կապի մեջ և քննարկել անհրաժեշտ քայլերը՝ արյունահեղության դադարեցման և մարդկանց կյանքը պաշտպանելու համար: Վլադիմիր Վլադիմիրիի հետ այսօր ևս սերտորեն աշխատում ենք այնպիսի խնդիրների լուծման համար, ինչպիսիք են՝ անհետ կորածների որոնումը, ռազմագերիների, պահվող անձանց, զոհվածների մարմինների փոխանակումը:

Ելույթիս վերջում ցանկանում եմ շնորհավորել Տաջիկստանին՝ ՀԱՊԿ նախագահությունն ընդունելու կապակցությամբ: Ցանկանում եմ հավաստիացնել, որ Հայաստանը հանձնառու է Տաջիկստանի նախագահության առաջնահերթությունները կյանքի կոչելու ուղղությամբ համատեղ ակտիվ աշխատանքների իրականացմանը:

Շնորհակալություն ուշադրության համար»։

Նիստի ընթացքում քննարկվել են կազմակերպության շրջանակում դաշնակցային փոխգործակցությանը, ՀԱՊԿ-ի շարունակական արդյունավետության բարձրացմանը վերաբերող մի շարք հարցեր: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային ու միջազգային անվտանգության արդիական խնդիրների շուրջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել