Ադրբեջանը կապի մեջ է ռուս խաղաղապահների հրամանատարության հետ՝ կապված Ղարաբաղում անհայտ կորած զինծառայողների հետ, ասվում է բանտարկյալների և անհայտ կորած քաղաքացիների գործերի պետական հանձնաժողովի հայտարարության մեջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Ադրբեջանական կողմը պարբերաբար տեղեկություններ է հաղորդել հայ ռազմագերիների մասին Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ) և Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի հրամանատարությանը, ստեղծել է բոլոր պայմանները ԿԽՄԿ ներկայացուցիչների համար նրանց այցելելու համար, հեռախոսազանգեր է կազմակերպել ռազմագերիների որոշ ծնողների հետ: ԿԽՄԿ-ի և խաղաղապահ ուժերի հրամանատարության հետ շփումները շարունակվում են՝ որոշելու անհայտ կորած համարվող մեր զինծառայողների ճակատագիրը», – ասված է հանձնաժողովի մամուլի հաղորդագրության մեջ:
«Ադրբեջանի Հանրապետությունը հավատարիմ է բոլոր գերիների և պատանդների փոխանակման՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքին»,- ասված է հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ:
Հանձնաժողովից նաև հայտնել են, թե «սոցիալական ցանցերի հայկական տիրույթում տարածվում են տեղեկություններ այն մասին, որ Ադրբեջանի Հանրապետության հաղթանակի կապակցությամբ զորահանդեսի ժամանակ ցույց են տալու հայ գերիներին, և որ նրանց նկատմամբ անմարդկային վերաբերմունք է ցուցաբերվում»՝ դրանք «կեղծ» որակելով: