Ահազանգում են շենքի բնակիչները. Լաբորատորիան անօրինական է փոխել իր տարածքի նպատակային նշանակությունը

Գ. Խալաֆյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Վանաձորի քաղաքապետի, երրորդ անձ Սուրիկ Ալթունյանի, խնդրելով` անվավեր ճանաչել Վանաձորի քաղաքապետի` 05.08.2008թ. թիվ 1169 որոշումը:

Հայցվոր Գ. Խալաֆյանը ներկայացրած հայցադիմումով դատարանին հայտնել է, որ երրորդ անձ Սուրիկ Ալթունյանին է պատկանում Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի X շենքի թիվ X բնակարանը, որտեղ նա կազմակերպել է ախտորոշիչ լաբորատորիա, առանց շենքի շքամուտքի սեփականատերերի համաձայնության: Լաբորատորիայում կատարվում են բազմաթիվ հիվանդությունների ախտորոշումներ, այդ թվում` արյան, մեզի, կղանքի: Եղած և հնարավոր հիվանդներն, օգտվելով ընդհանուր շքամուտքից, մուտք են գործում առաջին և երկրորդ հարկեր, վտանգի տակ դնելով իրենց ընտանիքների առողջությունը: Լաբորատորիայից դեպի դուրս և շքամուտքով վերև տարածվում են բժշկական նյութերի հոտեր, աշխատող սարքավորումների աղմուկ, ինչն ավելի լսելի է դառնում գիշերային ժամերին:

Իրենց պատուհանների տակ կառուցած «դեզինֆեկցիոն» սարքավորումն աշխատացնելիս այն արտանետում է մեծ քանակով գոլորշի, ինչն իր մեջ պարունակում է մաքրած հագուստի կամ սարքավորումների հոտը և վնասակար այլ նյութեր:

ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Լոռու մարզային կենտրոնի պետի 09.07.2008թ. գրությամբ, ի պատասխան Վանաձորի քաղաքապետի 08.07.2008թ. գրության հայտնվել է, որ Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ X շենքի թիվ X բնակարանի 71,42 քմ մակերեսի գործառական նշանակությունը փոխելու և հաշվառելու որպես հասարակական սպասարկման օբյեկտ /ախտորոշիչ կենտրոն/, առարկություն չունեն` պայմանով, որ շահագործման ընթացքում պահպանվեն գործող սան. նորմերի և կանոնների պահանջները:

Դատարանի պատճառաբանությամբ՝ սույն վարչական գործով վիճարկվող Վանաձորի քաղաքապետի 05.08.2008թ. թիվ 1169 որոշմամբ, դատարանի գնահատմամբ, առանց իրավական հիմքի, փոփոխվել է Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ X բազմաբնակարան շենքի 2-րդ բնակելի հարկում գտնվող, Ս. Ալթունյանին սեփականության իրավունքով պատկանող թիվ 28 բնակարանի գործառական նշանակությունը, այն հաշվառվել է որպես հասարակական սպասարկման օբյեկտ /ախտորոշման կենտրոն/, ինչի արդյունքում խախտվել են նշված բազմաբնակարան շենքի տվյալ մուտքում գտնվող բնակարանների սեփականատերերի, մասնավորապես սույն վարչական գործով հայցվորի և երրորդ անձինք` Աիդա Ազարյանի, Սոֆյա Բաբայանի և Սյուզաննա Սարգսյանի` սեփականության իրավունքով նրանց պատկանող շենքի մուտքը, աuտիճանավանդակը և աuտիճաններն իրենց հայեցողությամբ օգտագործելու և տիրապետելու իրավունքները, քանի որ նշված բնակարանը որպես հասարակական նշանակության նման օբյեկտ օգտագործելու պարագայում տվյալ մուտքը, աստիճանավանդակը և աստիճաններն, առանց դրանց սեփականատերերի համաձայնության, ակնհայտորեն օգտագործվելու են այլ անձանց, այն է` ախտորոշման կենտրոնի ծառայություններից օգտվող քաղաքացիների կողմից:

Վերը նշված պատճառաբանությամբ դատարանը եզրակացրել է, որ Վանաձորի քաղաքապետի 05.08.2008թ. թիվ 1169 որոշումը ենթակա է դատական կարգով անվավեր ճանաչման:

Դատարանը վճռեց հայցը բավարարել:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել