ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությունը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ «Խ.Վ.Դ.» ՍՊԸ-ի` 70.466.827 դրամ գումարի բռնագանձման պահանջի մասին։ «Խ.Վ.Դ.» ՍՊԸ-ն հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության և ՀՏԱՀ վարչության 09.07.2011թ. թիվ 1013132 ակտի 1-ին և 4-րդ կետերն անվավեր ճանաչելու պահանջի մասին։
Պատասխանողը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում գրանցված առևտրային կագմակերպություն և հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հարկ վճարող։ Պատասխանողի պարտավորությունը 05.08.2011թ. դրությամբ կազմում է 70.466.827 դրամ, որից ապառք՝ 41.076.482 դրամ, տույժ` 4.174.146 դրամ, տուգանք՝ 25.216.199 դրամ։
Դատաքննության ընթացքում «Խ.Վ.Դ.» ՍՊԸ-ի ներկայացուցիչը հրաժարվել է հայցից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կողմը պարտավոր է դատարանին ներկայացնել իր տիրապետման տակ կամ ազդեցության ոլորտում գտնվող այն բոլոր ապացույցները, որոնցով նա հիմնավորում է իր պահանջները կամ առարկությունները։ Դատարանը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության ներկայացուցիչը հայցը գումարի բռնագանձման պահանջի մասով չպնդեց, գտնում է, որ նման պայմաններում հայցն այդ մասով ենթակա է մերժման։
Ուստի դատարանը վճռեց ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության հայցն ընդդեմ «Խ.Վ.Դ.» ՍՊԸ-ի` 70.466.827 դրամ գումարի բռնագանձման պահանջի մասին, մերժել, իսկ հակընդդեմ հայցի վարույթը՝ կարճել։
Աղբյուրը` Իրավաբան.net