Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Ռոբերտ Ղ.-ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 08.12.2012թ. իր անձնական օգտագործման Վազ-2170 մակնիշի ավտոմեքենայով Երևանի Արցախ և Ռոստովյան փողոցների խաչմերուկում խախտել է ՃԵԿ-ի 87 կետի պահանջը, որի արդյունքում վրաերթի է ենթարկել հետիոտն Վերոնիկա Մ.-ին ու նրա առողջությանը անզգուշությամբ պատճառել միջին ծանրության վնաս: Այնուհետև, վրաերթ կատարելուց հետո թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը` իր վարած ավտոմեքենայով հեռացել է:
Մեղադրայալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Տեղեկացնենք, որ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի` ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը երկուհարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net